Մատչելիության հղումներ

Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը


Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյան, արխիվ
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյան, արխիվ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչությունում՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը:

Քննչական կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած հաղորդագրությունում հիշեցնում է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով («հանցակցություն կեղծ ձեռնարկատիրությանը, որի հետևանքով առանձնապես խոշոր վնաս է պատճառվել») և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով («հանցակցություն հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»): Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Միջնորդությունը մերժվել էր, և Գուրգեն Սարգսյանն ազատ էր արձակվել գրավի դիմաց:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում է կայացվել դատախազության բողոքը բավարարելու և Գուրգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին։

Ավելի վաղ հաղորդվել է, որ տվյալ քրեական գործով մեկուկես տասնյակ անձինք ունեն մեղադրյալի կարգավիճակ:

XS
SM
MD
LG