Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի պետնախարարի հետ


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Առկա են բոլոր նախադրյալները հայ-բրիտանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և երկկողմ փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Լոնդոնում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիսթոֆեր Պինչերի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն, երկուստեք կարևորվել է բոլոր մակարդակներում դինամիկ երկխոսության հետագա ծավալումը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։

Որպես թիրախային ուղղություններ՝ կողմերը նշել են ՏՏ, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտները: Զրուցակիցները կարևորել են նշյալ բնագավառներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերը և մարդկանց միջև շփումների ակտիվացումը: Մտքեր են փոխանակվել երկկողմ ստեղծված իրողություններին համապատասխան համագործակցության իրավապայմանագրային դաշտի ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը, որոնք միտված են ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Այս գործընթացում առանձնահատուկ կարևորվել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:

Նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG