«Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան կապերը ամրապնդվում են, Հայաստանի կշիռը Վաշինգտոնում աճում է», - «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան երկրորդ այցելության արդյունքներին՝ ասաց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:
«Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ շատ դրական էր: ԱՄՆ-ում նրա ունեցած հանդիպումները հուսադրող էին և դրական: Երբ նա Նյու Յորքում էր, ես նրա հետ էի: Նա այցելեց Կալիֆորնիա ու Նյու Յորք: Այս անգամ չայցելեց մայրաքաղաք Վաշինգտոն, սակայն հույս ունեմ, որ առաջիկայում նման այց կլինի: Մոտ մեկ շաբաթ առաջ այստեղ Երևանում նա հանդիպումներ ունեցավ կոնգրեսական պատվիրակության՝ Ֆրենք Փալոնի, Ջեքի Սփիերի, Ջուդի Չույի հետ: Կարող եմ ասել, որ հայ-ամերիկյան կապերը ամրապնդվում են: Կոնգրեսական Ջեքի Սփիերը առաջարկել է լրացուցիչ 40 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին, որը, կարծում եմ, իրականություն կդառնա: Մենք աշխատում են այդ ուղղությամբ Կոնգրեսում», - նշեց Բարսամյանը:
Միացյալ Նահագներում գործող հայկական ազդեցիկ լոբբիստական կազմակերպության ղեկավարի խոսքով, թավշյա հեղափոխությունից հետո Վաշինգտոնում անհամեմատ դրական են ընկալում Հայաստանը․ - «Թավշյա հեղափոխունոիո հետո Հայաստանի կշիռը Միացյալ Նահանգներում աճում է: Ակնհայտ է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Թավշյա հեղափոխությունը ի ցույց դրեց մի յուրահատուկ հանգամանք, որը եզակի է տարածաշրջանում: Հարևանությամբ Ադրբեջանն է, ուր բռնապետություն է: Այդ պատճառով Հայաստանի կշիռը Վաշինգտոնում աճում է»:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այս մայիսին նշել էր, որ 2018 թվականի ֆինանսական տարվա համար, որը մեկնարկել էր 2017-ի հոկտեմբերին, Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել էր 26,7 միլիոն դոլար, 2019 թվականի ֆինանսական տարվա համար՝ 16 միլիոն:
«Մյուս տարի Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության թվերի մասին դեռ հստակ տեղեկություն չունենք, սակայն այն կարող է լինել 28 միլիոնից մինչև 60 միլիոն դոլար: Արցախի համար, ինչպես միշտ, այն կարող է կազմել 5 միլիոն դոլար: Փորձում են չեղարկել այդ օգնությունը, մենք համառորեն աշխատում ենք, որ Արցախի համար ամերիկյան օժանդակությունը շարունակվի: Կարծում եմ, մյուս տարի Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը կկազմի 35-ից 45 միլիոն դոլար», - ասաց Էնթոնի Բարսամյանը: