Սարհատ Պետրոսյանը ուրբաթ ներկայացրած հրաժարականում նշել էր, որ «չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության ոլորտում»։
«Ինձ համար մի փոքր տրամաբանությունը ընդունելի չէ, որովհետև դա նույնն է, որ Առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետև չի համաձայնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ: Ինչ վերաբերում է Կադաստրի կոմիտեի գործառույթին, Կադաստրի կոմիտեն շատ հստակ գործառույթներ ունի, և Կադաստրի կոմիտեի նախագահի պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեություն ծավալել: Ենթադրում եմ, պարոն Պետրոսյանը մի փոքր այս հարցից է նաև հիասթափված», - ասաց Ավինյանը:
Հեղափոխությունից հետո Կադաստրի ղեկավար նշանակված Պետրոսյանը ուրբաթ օրը իր հրապարակած տեքստում գրել էր, որ հավատացած է, որ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտի և հարակից ոլորտների զարգացման վերաբերյալ պետք է համընդհանուր տեսլական լինի, որը տվյալ դեպքում, փաստորեն, առկա չէ: Ապա ավելացրել էր, որ չնայած անշարժ գույքի շուկայում արձանագրված աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում հետընթաց կա, ինչի պատճառը, ըստ Պետրոսյանի, Քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների իրենցիոն քաղաքականությունն է:
«Ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից», - գրել էր Սարհատ Պետրոսյանը։
Հրաժարականի տեքստի այս հատվածը փոխվարչապետն առավել հետաքրքիր համարեց՝ ասելով․ - «Այ դա շատ հետաքրքիր հայտարարություն է: Ես առաջարկում եմ պարոն Պետրոսյանից անպայմանորեն պարզաբանումները փորձել ստանալ, և ես ձեզ կխնդրեմ դա անել: Որովհետև սա ինձ համար էլ է նորություն: Կոռումպացվածության մասին որևէ պաշտոնյայի որևէ խոսք անգամ չի գնացել: Այդ հայտարարության մեջ իմ անունը շրջանառվում է այն կոնտեքստով, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարը հիմա իմ խորհրդականն է»:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանից այսօր մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Փոխարենը Պետրոսյանի պնդմանը, թե ոլորտում հետընթաց է, իր անհամաձայնությունը հայտնեց Տիգրան Ավինյանը․ - «Ես կարծում եմ, պարոն Պետրոսյանը, որը չի եղել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի այն բոլոր խնդիրների խորքին, որոնք առկա են քաղաքաշինության ոլորտում: Իհարկե, միգուցե թվում է, թե ինչ-որ մեկ այլ, հարակից ոլորտ ղեկավարելով կարող ես բոլոր խնդիրներին ծանոթ լինել: Ես կարծում եմ, դա այդպես չէ», - ասաց Տիգրան Ավինյանը:
Սարհատ Պետրոսյանի հրաժարականից հետո մամուլում ու սոցցանցերում տեսակետներ շրջանառվեցին, թե կառավարությունը կկորցնի պրոֆեսիոնալ կադրի:
«Ազատության» հարցին, թե արդյոք կիսում է այդ տեսակետը, Ավինյանն արձագանքեց․ - «Ես պարոն Պետրոսյանի աշխատանքը բավականին դրական էի գնահատում»:
Դեռևս կադաստի կոմիտեն ղեկավարող Սարհատ Պետոսյանը խոստացավ անդրադառնալ իր հրաժարականին ավելի մանրամասն, ինչպես նաև արձագանքել փոխվարչապետին պաշտոնից վերջնականապես հեռանալուց հետո։