Մատչելիության հղումներ

Եթե Սերժ Սարգսյանը չգա հարցաքննության, ինքն իր վրա կվերցնի կասկածների մի հսկա բեռ. Անդրանիկ Քոչարյան


2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը ծրագրում է իր աշխատանքների ավարտին հանձնաժողով հրավիրվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և որպես նախկին գերագույն գլխավոր հրամանատարի հարցեր ուղղել:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը իրենց նիստերին մասնակցելու հրավերը մերժել չի կարող, այլապես կասկածի տեղիք կտա։

«Ազատության» հարցին՝ ստացվում է, որ երբ վերջնակետին հասնի քննիչ հանձնաժողովը իր աշխատանքներում այդ ժամանակ կհրավիրե՞ն նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, Քոչարյանը պատասխանեց. «Վերջին հարց պետք է տրվի ամենակարևոր որոշում կայացրած մարդուն, ըստ Սահմանադրության ամենակարևոր որոշում կայացնող իրավասու մարդը գերագույն գլխավոր հրամանատարն է։ Վերջին հաշվով մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէր, ի՞նչ էր անում Հայաստանից դուրս, ե՞րբ է իրեն զեկուցվել, հարցեր են չէ՞, պետք է կարողանանք ճշտել, երբ իրեն զեկուցեցին ինքն ի՞նչ հրահանգ իջեցրեց համապատասխան կառույցների ղեկավարներին, դրանց մեջ ովքե՞ր էին մտնում, էդ հրամանը ի՞նչ արագությամբ կատարվեց, թե չկատարվեց։ Դրանք հարցեր են, բա ո՞ւմ տանք, բա հո Ռոբերտ Քոչարյանին չենք տա, Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ով են հարցեր տալիս, Սերժ Սարգսյանին, բնականաբար, ապրիլյանով, որովհետև ինքն է եղել գերագույն հրամանատարը»։

Իսկ թե կարծո՞ւմ է, որ նա կգա և հարցերին կպատասխանի, կտա սպառիչ պատասխաններ, արձագանքեց. «Ներքուստ համոզված եմ, որ այս հանձնաժողովի աշխատանքների հետ կապված որևէ մեկը չի կարող չմասնակցել, եթե չի մասնակցում, դա նշանակում է, որ ինքն իր վրա վերցնում է կասկածների մի հսկա բեռ, դա այսօր ոչ մեկը չի կարող իր վրա էդպիսի բան վերցնել»։

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր գործունեության 4 ամիսների ընթացքում արդեն իսկ բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր է ուսումնասիրել, այժմ սկսել է պաշտոնյաներին, այդ թվում՝ առաջնագծում այդ օրերին ծառայություն իրականացրած զինծառայողներին հարցեր ուղղելու փուլը։ Անցած շաբաթ հանձնաժողովի անդամների հարցերին է պատասխանել զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը, ով այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է:

«Մեր խնդիրը ոչ միայն դժգոհություններից տեղյակ լինելն է, այլ բանակի կառավարելիության աստիճանը պատկերացնելը։ Առաջին էտապը մեր աշխատանքի դա միայն փաստաթղթերը, որ մենք պահանջել ենք, որպեսզի մենք հասկանանք՝ այդ ժամանակ մեր զինված ուժերը և պաշտպանության բանակը ինչքանով սինխրոն կառավարելի էին և հրամաններին ինչքանով էին համահունչ ձեռք բերված տեղեկատվության որոշումների և էն բոլոր դիրեկտիվ հրամանների, որոնք պարտադիր են կատարման տվյալ իրավիճակի համար։ Նախ պետք է հասկանայինք իրավիճակը մեր Գլխավոր շտաբը օբյեկտիվ կարողացել է ճիշտ գնահատի՝ ունենալով ձեռքի տակ տեղեկատվություն, գնահատելուց հետո ինքը ճիշտ որոշումներ կայացրել է, թե ոչ»։

«Ազատության» հարցին՝ մենք հետախուզության հետ կապված խնդիրներ չեն ունեցե՞լ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մենք ուսումնասիրում ենք ոչ միայն հետախուզության հետ կապված խնդիրները, մենք ուսումնասիրում ենք հրետանու հետ կապված խնդիրները, ռազմաօդային, հակաօդային, կանխարգելող բոլոր միջոցառումները, մենք շտաբային համակարգի ամբողջ ծավալով ուսումնասիրություններ ենք անում, Գլխավոր շտաբի, օպերատիվ վարչության»։

Ի դեպ, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը խորհրդատուներ է հրավիրել՝ իրենց օգնելու համար: Նրանց թվում է նաև 1999-ից 2000 թվականներին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վաղարշակ Հարությունյանը, հիշեցնենք, ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, նախագահը վերականգնեց Հարությունյանի գեներալ-լեյտենանտի կոչումը: Նրան այդ կոչումից զրկել էր Ռոբերտ Քոչարյանը: Քննիչ հանձնաժողովի խորհրդատուներից է նաև գեներալ-մայոր, զինված ուժերի հրետանային զորքերի հիմնադիր, Պաշտպանության նախարարի խորհրդական Վլադիմիր Հայրապետյանը: Նրա դերակատարությունը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, կարևոր է լինելու, քանի որ իրենք ապրիլյան պատերազմի ժամանակ հրետանու կիրառման հետ կապված խնդիրներ են տեսնում:

Հրավիրյալ խորհրդատուների թվում պետք է լիներ նաև 1992-95 թվականներին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նորատ Տեր-Գրիգորյանցը, սակայն, ըստ Անդրանիկ Քոչարյանի, վերջինս թեև սկզբում սիրով համաձայնել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն հետո մամուլում նշել էր, թե քաղաքական գործընթացների չի մասնակցում: Պաշտպանության հանձնաժողովի նախագահը մինչդեռ բացառում, որ իր ղեկավարած քննիչ հանձնաժողովը կարող է քաղաքական շարժառիթներով գործել:

«Իսկ որ որևէ մեկին միտված լինի քաղաքական նպատակ պատիժ, եթե էդպիսի նպատակ լիներ, էնպիսի այլ շարժառիթներ կան էդպիսի խնդիր լուծելու և էս հանձնաժողովը չի, էս հանձնաժողովի խնդիրը հստակ ձևակերպված է իր նպատակների մեջ, իր ստեղծման պահանջի մեջ և մենք իրականացնում ենք մեզ տրված լիազորությունների շրջանակում։

«Ազատության» դիտարկմանը, թե իր կարծիքով ինչո՞ւ գեներալ-լեյտենանտը այնքան էլ դրական հակված չէ քննիչ հանձնաժողովի աշխատանքների, ևս մեկ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ով այժմ պաշտպանության նախարարի խորհրդականն է, նշում է, որ լուրջ թերություններ չեն եղել, Քոչարյանն արձագանքեց. «Ես պարզապես մի նախադասությամբ կհակադարձեմ նախարարի ներկայիս խորհրդական Էնրիկո Ապրիամովին, որովհետև ինքը էն ժամանակ եղել է Գլխավոր շտաբի պետի տեղակալը, ես խորհուրդ կտամ Էնրիկո Ապրիամովին, չնայած ինքը հայերենին ոնց որ թե լավ չի տիրապետում, անպայման կարդա այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և Գլխավոր շտաբի կողմից պատրաստված այն փաստաթուղթը, որը մեր հանձնաժողովը ուսումնասիրել է այդ ժամանակվա թերացումների մասին։ Եթե ինքը չի կարդացել դա, դա դեռ չի նշանակում, որ մենք այդ թերացումները պետք է չուսումնասիրենք։ Այնպես որ գեներալ-լեյտենանտը, որ մտահոգվում է այն ժամանակվա երևի իրենք շատ լավ տեղյակ են ինչ-ինչ թերացումների մասին և անհանգստանում են, որ այդ թերացումների մասին կարող է նաև Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում էլ տեղեկացված լինի, ես կարող եմ ասել, որ արդեն տեղեկացված է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG