Մատչելիության հղումներ

ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել է Թումանյանին նվիրված ցուցահանդես, կհնչի Կոմիտասի երաժշտությունը


Դեռ այս տարեսկզբին հայտնի դարձավ, որ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանները անցկացվելու են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:

Եվ ահա հենց այսօր՝ հոկտեմբերի 18-ին Փարիզում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրի ներքո բացվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հովհաննես Թումանյանի 105 գրքերը՝ թարգմանված ավելի քան 30 լեզուներով:

Ինչպես փոխանցում է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը, ցուցահանդեսին ներկայացված են նաև Թումանյանի և համաշխարհային մեծերի տարածաժամանակային առնչությունները, նրանց վիրտուալ զրույցն ու գնահատականները միմյանց:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում այսօր բացված ցուցահանդեսի կազմակերպիրչը Հովհաննես Թումանյանի թանգարանն է:

Այսօր երեկոյան կենտրոնակայանում Հայաստանի պետական կամերային երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ և Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ տեղի կունենա նաև համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Ծրագրում կհնչեն միայն կոմիտասյան ստեղծագործություններ:

Հոբելյանական այս միջոցառումներին ներկա գտնվելու համար այսօր Փարիզ է մեկնել Կրթության,գիտության, մշակույթի , սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա օրերս Կոմիտասի և Թումանյանի հոբելյանների հետ կապված լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշեցրեց, որ մեր մեծերի հոբելյաններն անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:

«Եվ սա մեծ պատիվ է մեզ համար, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է մեր երկու մեծերին նվիրված հոբելյանական այս միջոցառումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում», - ասաց նախարարը:

Իսկ երկու օր հետո՝ հոկտեմբերի 20-ին Հայաստանի պետական կամերային երգչախումբը Կոմիտասի հոբելյանին նվիրված հոգևոր երաժշտության համերգով հանդես կգա նաև Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG