Խոսքը վերաբերում է 2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի խաղաղ ցույցի մասնակիցների, լրագրողների նկատմամբ կազմակերպված բռնություններին։ Այս գործով լրատվամիջոցների 21 ներկայացուցիչներ ունեն տուժողի կարգավիճակ: Գործով ներգրավված մեղադրյալները չորսն էին:
Հատուկ քննչական ծառայությունը գործը 2 անգամ կասեցրել էր՝ պատճառաբանությամբ, որ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն:
«Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերից տուժած լրագրող Թեհմինե Ենոքյանը, ով հետաքննություն էր անցկացրել և երեք օրվա ընթացքում գտել բռնություն գործադրած մարդկանց, որոնց 4 տարի շարունակ փնտրում է Հատուկ քննչական ծառայությունը, ասում է, որ այս պահին դատարան դիմելն անհրաժեշտություն է․ - «Մեր փաստաբանը կշարունակի ներկայացնել բոլոր այն փաստերը, որոնց մասին մենք բարձրաձայնել էինք: Մինչև այժմ քննիչը դրանց ուշադրությունը չի դարձրել կամ դարձրել է։ Մենք հիմա հնարավորություն կունենանք տեսնելու՝ արդյունավետ քննություն իրականացրե՞լ է Հատուկ քննչական ծառայությունը, թե՞ ոչ»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ընդգծում է. - «Դատարանի առջև, մեր պատկերացմամբ, պետք է կանգնեն տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր մարդիկ, բայց մենք չենք տեսնում ՀՔԾ-ի ցանկությունը բացահայտելու էս գործը մինչև վերջ: Ինչպես նաև, պետք է դա էլ հատուկ նշել՝ ոստիկանության ցանկությունը իրենց շարքերում որևէ մեկին ներկայացնել, որ չարաշահել է իր լիազորությունները: Ի՞նչ է նշանակում մի քանի անգամ կասեցնել, հետո վերսկսել, և որևէ նոր մեղադրյալ կամ կասկածյալ գործում մինչև հիմա չկա: Շատ վատ է դա: Մենք շարունակելու ենք մեր գործը, մենք շարունակելու ենք ներկայացնել լրագրողների իրավունքները և շահերը»:
Մելիքյանը նշում է, որ պատրաստ են դիմելու ընդհուպ միջազգային ատյաններ։