Խորհրդարանում լսումներ են անցկացվում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի շուրջ։ Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասում է՝ իրենք պետք է փոխեն նախկինում հաստատված խաղի կանոնները, երբ մի կուսակցություն տևական ժամանակ ձգտում էր բոլոր միջոցներով հաստատել իր իշխանությունը։ Պատգամավորի խոսքով՝ այդ գործընթացի կարևոր մաս է կազմում նաև կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը։
«Մենք օր առաջ պետք է փորձենք բարելավել, էապես նաև վերափոխել կուսակցությունների հետ կապված կարգավորումները», - ասաց Համազասպ Դանիելյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է բարձրացնել կուսակցություններին տրամադրվող ֆինանսավորումը։ Բացի այդ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասում է՝ պետք է փոխել նաև սկզբունքը, թե մասնավորապես որ կուսակցություններին է տրամադրվում ֆինանսական աջակցություն։
«Զուտ կուսակցության գոյությունը դեռևս չի դիտարկվում, որ դա պետք է ունենա պետական աջակցություն, էդ կուսակցությունը պետք է ապացուցի, որ ինքը կենսունակ է, մասնակցի ընտրություններին, ունենա հանրային աջակցություն», - նշեց Կարեն Սիմոնյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ կողմնակից է, որ կուսակցություններն հնարավորություն ունենան ֆինանսական աջակցություն տրամադրել նաև գործարար դաշտի ներկայացուցիչները։
«Էկոարտադրությամբ, էկոլոգիապես մաքուր արտադրությամբ զբաղվող ընկերությունը, բնականաբար, կցանկանա ֆինանսավորել այն քաղաքական ուժին, որի համար բնապահպանությունն առաջնահերթություն է, և սա կլինի պարզ տրամաբանության մեջ, որ իմ գաղափարակիցն է, ես իմ բիզնեսով այս գաղափարները զարգացնում եմ, շատ հետաքրքիր մոտեցում է և քննարկման արժանի», - ընդգծեց Բագրատյանը։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ կարծում է, որ այսօր Հայաստանում հանրային պահանջն այլ է՝ բիզնեսը և քաղաքականությունը տարանջատել է պետք։
«Շահույթ հետապնդող կազմակերպությունը, կորպորացիան, անկախ կարգավիճակից, անձ չի, որպեսզի ունենա քաղաքական իրավունքներ, դրանք հո կուսակցություն չեն ստեղծում, ինչո՞ւ պետք է կուսակցություն ֆինանսավորեն, դա ավելի կոնկրետ քաղաքացու իրավունքն է, քաղաքացու քաղաքական իրավունքի մաս է կազմում ոչ միայն ստեղծել, մասնակցել, այլ նաև իր ֆինանսական միջոցներով, իր ժամանակով և այլ ռեսուրսներով նպաստել իր նախընտրած կուսակցության առաջ մղմանը», - ասաց Դանիելյանը։