Մատչելիության հղումներ

«Ըստ էության»․ Վարչապետի սկսած ֆլեշմոբը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»


«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ձեռագիր գրված կարգախոսը ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով՝ հոկտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ֆլեշմոբ: Ֆլեշմոբին առաջինը միացան վարչապետի թիմակիցները, եղան նաև քննադատական, հումորային, սարկազմ պարունակող գրառումներ:

Իսկ կարգախոսն առաջին անգամ Փաշինյանը հնչեցրել ու համահայկական էր անվանել Արցախում օգոստոսի 5-ին ունեցած ծավալուն ելույթի ժամանակ: Դեռ այն ժամանակ որոշ ընդդիմադիրներ նման կարգախոսը տոտալիտար մտածողությանը բնորոշ համարեցին, իսկ երբ կառավարությունը 26 միլիոն դրամ տրամադրեց վարչապետի հեղինակած այս տողերն ամբողջ երկրում տարածելու համար, քննադատողները շատացան:

Կարգախոսը քննարկում են «Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի հյուրերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի ընդհանուր ռազմավարության գծով խորհրդական Լևոն Մազմանյանը, լրագրող-հրապարակախոսներ Լուսինե Հովհաննիսյանը և Նունե Հախվերդյանը:

Ստորև՝ հատված բանավեճից․

Լուսինե Հովհաննիսյան․ - «Ժողովուրդ» բառը արդեն քննարկման նյութ է, որովհետև այսօր բացարձակ միասեռ, միատարր չենք, այսօր մեր հասարակությունը, եթե «ժողովուրդ» բառը փոխենք դրանով, բաժանված է շատ խիստ բաժանումներով՝ այնտեղ նախկին իշխանությունների կողմնակիցներ ու մերձ հատվածն է, այն հատվածն է, որը մասնակցել է հեղափոխության առաջին իսկ օրերից, երբ 14 հոգով Ֆրանսիայի հրապարակում էինք, բայց այսօր նրանք ունեն որոշակի ընդդիմադիր կեցվածք և մատնացույց են անում այն բաները, ինչի հետ համաձայն չեն, ընդ որում՝ ես ինձ համարում եմ էդ հատվածը, կա մի խոշոր հատված, որը նույնպես նոր իշխանության թևի կողմից ձևակերպում ստացավ «Պողոս» անվանումով, և այ էդ հատվածը, որը մշտապես, բոլոր քննարկումների ժամանակ սոցցանցերի, ասում է՝ «պաչեմ էն հողը, որտեղ կանգնել է վարչապետը», և մի թևն էլ՝ իշխանական թևը: Գոնե այս նշածներս միասին նույն բանի կողմնակիցը և «ժողովուրդ» միասին անվանել նրանց սխալ կլինի, որովհետև նրանք բացարձակ տարբեր բաներ են՝ իրենց մտածելակերպով, աշխարհայացքով, հասարակության մեջ դիրքով, քաղաքացիական դիրքորոշմամբ:

«Ազատություն»․ - Դե փորձ է արվում միավորել, ի՞նչ վատ բան կա այդտեղ:

Հովհաննիսյան․ - Եթե մենք գալիս ենք նրան, որ մենք կարգախոսով միավորելու ենք, ապա, ես այսօր «վերափոխում» բառը կարդացի նախքան գալս՝ «վերափոխման ռազմավարություն», եթե մենք իրոք կարծում ենք, որ «վերափոխում» բառը և «օջախ», «հայրենիք», «ընտանիք» բառերը իրար հետ ինչ-որ կապ ունեն, որովհետև էդ երեք բառը հենց էն բառերն են, որոնք բոլոր ժամանակներում եղել են՝ սկսած սովետական, անկախության, ՀՀՇ-ի, Քոչարյանի, Սերժի, մինչև օրս, դրանք չփոփոխվողն են հենց, և դնել ամենակարծրացած բառերի վրա, որոնք ոչինչ չեն ասում, ամեն մարդ սիրում է էն, ինչ սիրում է, ընտանիք ասելով հասկանում է այն, ինչ ինքն է հասկանում, և եթե մենք մանտրայի ինչ-որ իմաստ ենք դնում դրա մեջ, հա՞, որ ոնց որ մանտրայի պես հնչյունների խումբ, բառերի խումբ պարբերաբար կրկնելով ինչ-որ ռեզոնանս է առաջացնելու հոգեբանական և ամրապնդվելու է ուղեղում, սա մի քիչ երևի թե լուրջ չի, որովհետև ես 70 անգամ կարդամ, որ ժողովուրդը իմ ընտանիքն է, որևէ բան դրանից չի փոխվի՝ ես արդեն ունեմ իմ պատկերացումը և՛ ժողովրդի, և՛ ընտանիքի մասին:

Ռուբեն Ռուբինյան․ - Կան բառեր, որոնք որոշակի բեռ են կրում, ու հաճախ մանիպուլյացիաների կամ պրոպագանդայի արդյունքում էդ բառերը կա՛մ զրկվում են իրենց իմաստից, կա՛մ ստանում են որոշակի բացասական բեռ: Օրինակ, երբ որ ամբաստանյալ Քոչարյանի աջակիցները ժողովրդավարական իշխանություններին մեղադրում են ավանդական արժեքները պղծելու մեջ, իրականում իրենք պղծում են «ավանդական արժեք» արտահայտությունը: Հիմա, դուք և մենք ունենք երկու ընտրություն: Ընտրություն համար մեկ՝ մերժել «ավանդական արժեք», օրինակ, բառը, կամ, չգիտեմ, մերժել «օջախ» բառը, որովհետև այն մանիպուլյացիաների արդյունքում կարող է կրել որոշակի բացասական բեռ որոշակի շրջանակների մոտ: Եվ տարբերակ համար երկուս՝ վերադարձնել այդ արտահայտություններին իրենց սկզբնական դրական իմաստը և զարգացնել այն, բայց․․․

Հովհաննիսյան․ - Այսինքն, մենք արել ենք էս զիլ հեղափոխությունը, որ գանք վերադարձնենք օջախի իմա՞ստը:

Ռուբինյան․ - Ոչ, ախր․․․

Լևոն Մազմանյան․ - Ոչ միայն:

Հովհաննիսյան․ - Բայց նաև:

Ռուբինյան․ - Տեսեք, «օջախ» բառը շատ լավ բառ է, օջախը շատ գեղեցիկ և լավ բան է: Եթե դուք լսում եք «օջախ» բառ ու պատկերացնում եք ռեպրեսիվ և հետադիմական մի միավոր, դա ոչ թե օջախի խնդիրն է, այլ ձեր․․․

Հովհաննիսյան․ - Բայց ո՞վ ասեց, որ ես էդպիսի բան եմ պատկերացնում:

Ռուբինյան․ - Դրա համար ասում եմ՝ եթե:

Հովհաննիսյան․ - Ես ասում եմ՝ ինչի՞ ենք մենք դա քննարկում առհասարակ:

«Ըստ էության» հաղորդաշարի հոկտեմբերի 17-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG