Այսօր Բրյուսելում շարունակվում է Եվրամիության գագաթնաժողովը, որի օրակարգում կառույցի բյուջեի, ինչպես նաև կլիմայի խնդիրներն են:
Երեկ Եվրամիության լիդերները որևէ վճիռ չեն կայացրել Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի անդամակցության վերաբերյալ, քանի որ Ֆրանսիան և ևս երկու երկրներ նշել են, որ թեկնածուները դեռևս պատրաստ չեն անդամի կարգավիճակ ստանալուն:
«Որևէ եզրակացություն չունենք, հուսով եմ, որ այսօր կհաջողվի համաձայնության հասնել», - ասել է Ֆինլանդիայի վարչապետ Անթի Ռիննեն:
«Կա որոշակի հիասթափություն, մենք հուսով էինք կոնսենսուսի հասնել այդ երկու երկրների անդամակցության հարցում, բայց երեք անդամներ՝ Ֆրանսիան, Նիդերլանդները և Դանիան, առարկություններ ունեն և դեմ են անդամակցության հարցով բանակցությունների մեկնարկին», - ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:
Եվրոպական միության գագաթնաժողովն այսօր կավարտվի: Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն փոխանցել է, որ Հյուսիսային Մակեդոննիայի և Ալբանիայի անդամակցության հարցերը հավանաբար կքննարկվեն հաջորդ գագաթնաժողովում: