Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են մինչև այս տարեվերջ կրկին հանդիպել, այդ մասին այսօր հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները՝ ամփոփելով տարածաշրջան՝ Հայաստան, Ադրբեջան և Ղարաբաղ կատարած վերջին եռօրյա այցը:
Ըստ հայտարարության, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը միջնորդներին տեղեկություններ են փոխանցել Աշխաբադում՝ ԱՊՀ խորհրդի նիստում տեղի ունեցած վերջին զրույցից, ինչպես նաև ներկայացրել են ղարաբաղյան խնդրի կարգավորումն առաջ տանելու իրենց գաղափարները:
Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահները նաև ողջունել են հատուկ մարդասիրական և անվտանգության միջոցառումներ ներդնելու հեռանկարը՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և լարվածությունը նվազեցնելու նպատակով: