Ծնունդով Գյումրիից, պատանեկությունը Ստեփանակերտում անցկացրած, հետո Երևան տեղափոխված, այսօր արդեն 38-ամյա հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն արդեն իսկ 9 խաղարկային գեղարվեստական և մեկ տասնյակից ավելի վավերագրական ֆիլմերի հեղինակ է:
Վաղը մայրաքաղաքում էկրան կբարձրանա նրա նկարահանած նոր խաղարկային լիամետրաժ «Դրախտի դարպասը» խորագրով ֆիլմը, որի փակ ցուցադրությունը կայացավ այսօր լրագրողների և հյուրերի համար՝ պրոդյուսերական և ստեղծագործական խմբերի մասնակցությամբ:
«Մեր ֆիլմը շատ դժվարությամբ է ստեղծվել: Մենք՝ մի ամբողջ թիմ, մեր ողջ ուժը, էներգիան շուրջ 40 ամիս ներդրել ենք, որպեսզի ունենանք շատ բարձր որակ, ունենանք գեղարվեստորեն հարուստ ֆիլմ: Ֆիլմը յուրաքանչյուրիս աշխատանքի արդյունքն է», - ֆիլմի ցուցադրությունից հետո հրավիրած մամուլի ասուլիսին ասաց Ջիվան Ավետիսյանը:
Նրա այս նոր՝ ղարաբաղյան հակամարտության առանցքի շուրջ հյուսված, հոգեբանական նուրբ շեշտադրումներով ֆիլմը համաեվրոպական մի շարք երկրների կինոգործիչների հետ համատեղ աշխատանք է: Գլխավոր դերերում են գերմանացի շատ հայտնի դերասան, ավելի քան 100 ֆիլմերում նկարահանված Ռիխարդ Զամելը և փարիզաբնակ երիտասարդ դերասանուհի Տատյանա Սպիվակովան: Ֆիլմի սցենարի հեղինակը Արտավազդ Եղիազարյանն է, բեմադրող օպերատորը՝ Ռիտիս Կուրկուլիսը Լիտվայից, կոմպոզիտորը՝ իտալացի Միշել Ջոսիան: Դերասանական կազմում ևս ընդգրկված են ոչ միայն հայ, այլ օտարազգի դերասաններ:
Հայ և եվրոպացի կինոգործիչների համագործակցության արդյունքում Ջիվան Ավետիսյանի նկարահանած «Դրախտի դարպասը» ֆիլմը չի կարող անտարբեր թողնել կինոարվեստի սիրահարներին թե՛ ռեժիսորական, թե՛ օպերատորական գտնված լուծումներով, տպավորիչ դերասանական խաղով և ֆիլմում հնչող հրաշալի երաժշտությամբ: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Արցախում և Լիտվայում:
Միացյալ Նահանգներից Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանի խոսքով․ - «Մեր ամբողջ նպատակն այն է, որ կարողանանք ֆիլմեր ստեղծել Արցախի համար և կարողանանք Արցախը միջազգայնորեն տարածենք: Ինչպես տեսնում եք, այսօր մեր կողքին արտասահմանից մարդիկ են, մենք ահագին աշխատանք են տարել և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՚ Լիտվայում»:
Ֆիլմի լիտվացի համապրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասի համոզմամբ, այս ֆիլմը միջազգային, եվրոպական համագործակցության ճշմարիտ օրինակ է:
«Կարծում եմ, մեզ հաջողվել է ներկայացնել մի հուզիչ պատմություն լոկալ պատերազմական գործողությունների ֆոնին», - ասաց նա:
«Ազատության» հարցին, թե արդյոք ֆիլմի ստեղծագործական միջազգային խմբի ընդամները տեղյակ էի ղարաբաղյան հիմնախնդրից մինչև ֆիլմի նկարահանումները, ֆիլմի գերմանացի և ֆրանսիացի համապրոդյուսերները, նաև մյուս կինոգործիչները դրական պատասխանեցին՝ շեշտելով, որ իհարկե ավելին տեղեկացան արդեն ֆիլմի նկարահանման աշխատանքների ընթացքում:
Ֆիլմի վերահսկող պրոդյուսեր Գարո Մադենլյանը Միացյալ Նահանգներից ընդգծեց․ - «Ամենակարևոր խնդիրը որակավոր ֆիլմեր սարքելն է, որ հայկական կինոթատրոնը, ֆիլմը, ինչու չէ, նաև արցախյանը ճանաչվեն միջազգային ասպարեզում: Եվ լավագույնը, ինչպես դուք տեսել եք վերջին ֆիլմերը, մեր սիրելի Ջիվանն է: Եվ փաստը ձեր առջև է․ միջազգային համագործակցություն ունենք պրոդյուսերների կողմից, դերասաններ կան զանազան երկրներից, և բացի որակավոր ֆիլմ լինելուց, իմ սրտից է խոսում նաև արցախյան կոնտեքստը: Եվ շատ հետաքրքրական ձևով Ջիվանը Արցախի պատմությունը, Արցախը ներկայացնում է միջազգային հանրությանը: Եվ այսօր հազարավոր, եթե ոչ ավելի մարդիկ Արցախի մասին իմացել են Ջիվանի ֆիլմերի միջոցով: Այս ֆիլմը՝ «Դրախտի դարպասը», իմ կարծիքով, կարող է մեծ հաջողություններ ունենալ ոչ միայն Հայաստանում, այլև ուրիշ երկրներում»:
Ջիվան Ավետիսյանն ասաց․ - «Դրախտը այն վայրն է, որտեղ դու քեզ լիարժեք ես զգում: Եվ բնականաբար յուրաքանչյուր մարդու համար գոյություն ունի դրախտը երկրում, այն պետք է բացահայտել: Ես փորձում եմ բացահայտել և բացահայտել եմ․ ինձ համար դրախտը Արցախն է, որտեղ ես ինձ զգում եմ թևերս լայն բացած: Ի վերջո հայության համար դրախտի դարպասը Արցախն է: Իմ պատկերացմամբ, դրախտի դարպասը Արցախում է»: