Մատչելիության հղումներ

Ողջի գետը աղտոտողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է. Շրջակա միջավայրի նախարար


Կառավարության նիստը սկսվել է արտակարգ լուրով՝ Կապանում Ողջի գետն աղտոտվել է: Այդ պահին դեռ պարզ չէր, հետո Շրջակա միջավայրի նախարարը հստակեցրեց՝ աղտոտողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է:

Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։

Կապանից մի քանի կիլոմետրի վրա գտնվող Արծվանիկի պոչամբարը Զանգեզուրի կոմբինատի թափոնների համար է ստեղծվել, Հայաստանի ամենամեծ պոչամբարն է, վնասվածը` թափոնաջրերը պոչամբար բերող խողովակն է։
«Գետն այս պահին էլ դարչնագույն է», - ասաց տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ղեկավար Լևոն Պետրոսյանը։

«Ջրերը սակավ են, հորդառատ չի էլի», - ասաց Պետրոսյանը։

Պետրոսյանի տեղեկացմամբ՝ Ողջիի ջրերին միախառնվել են կոմբինատի թափոնաջրերը, վթարը առավոտյան 9-ին արդեն, ըստ նրա, վերացված է եղել, վթարված խողովակն, ասում է, փոխարինել են պահեստայինով։

Կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այս աղտոտման ժամկետների վերաբերյալ կասկածներ էր հայտնել։

«Թաքուն են պահել, չեն զգուշացրել, որ էսպիսի դեպք է եղել, տերերը, ով որ էդ բանն արել է, իրանք չեն ասել և արագ վերականգնման աշխատանքներ են արել», - ասաց Ցոլակյանը։

Լևոն Պետրոսյանն ընդգծեց. «Գաղտնի պահելու վերաբերյալ ես չեմ կարող ասել, թե գաղտնի պահելը ինչ է հասկացվում, բայց ամեն դեպքում, երբ որ մենք ահազանգը ստացել ենք, գնացել են մեր տեսուչները, էն ժամանակ, երբ որ գնացին, արդեն վթարը վերացված էր»։

Այս վթարի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել կոմբինատը, ըստ որի, խողովակի արտահոսքն աշխատակիցներն առավոտյան հինգին են նկատել, վերացրել՝ 30-40 րոպեում։ Զանգեզուրի կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանը «Զանգեզուր Թիվի»-ին տված հարցազրույցում տարակուսում է՝ այս ինչ աղմուկ է։

«Մի փոքր անհասկանալի է մնում այսօրվա խառնաշփոթը և այսքան մարդկանց ներկայությունը այստեղ տարբեր ինստիտուտներից։ Սա արտադրական վթար է, որը մեր ռիսկի գնահատման մեջ ներգրավված է և պատշաճ կերպով վերահսկվում է, ցավոք սրտին, հնարավոր չի կանխարգելել ամբողջությամբ այսպիսի վթարները», - ասաց Ալեքսանյանը։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն ասում է՝ վերջին 7-8 տարում նման վթարներ մեկ տասնյակից ավելի են եղել, կոմբինատը միշտ հաջողել է թաքցնել դրանք, հիմա չի ստացվել։

«Եթե էս տեխնիկական առաջընթացը չլիներ և մարդիկ չունենային էդ հնարավորությունները սա լուսանկարելու և վիդեոնկարահանում իրականացնելու, ես, օրինակ, համոզված եմ, որ հերթական անգամ էս ամեն ինչը կոծկվելու էր և թաքցվելու էր», - նշեց Գալստյանը։

Բնապահպանը հույս ունի, որ Ողջի գետը ծանր մետաղներով գետը աղտոտած կոմբինատը պատասխանատվություն կկրի. «Սա էկոլոգիական հանցագործություն է, այսինքն՝ բնական միջավայրին հասցվել է այնպիսի վնաս, որը բերել է շատ լուրջ հետևանքների»։

Երբվանից են հանքի թափոնաջրերը գետ լցվում, որքան է բնապահպանական վնասը, հարցին կպատասխանեն իրավապահներն ու տեսուչները։ Քրեական գործ առայժմ չի հարուցվել։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նկատում է՝ վնասի փոխհատուցման չափերը ծիծաղելի են

«Բանաձևերով հաշվարկներ են իրականացվում, բայց քանի որ մենք կարծում ենք այդ թվերն ուղղակի ծիծաղելի թվերի մասին է խոսքը գնում, այդ ամբողջ օրենսդրությունը վերանայվելու է», - նշեց Էրիկ Գրիգորյանը։

Աղտոտման տարածքում նմուշառումներ են կատարվել թե՛ ջրից ու թե՛ գետափից, դրանք այժմ ճանապարհին են՝ դեպի երևանյան լաբորատորիա։ Մոնիտորինգի կենտրոնում Ողջիի ջուրը պարբերաբար է ստուգվում և արդյունքն անփոփոխ վատ է։

Զանգեզուրի երկրորդ ամենախոշոր գետը՝ Ողջին արդյունաբերական գոտու հետևանքով անպիտան է ոռոգման համար, այդտեղ ձկներ էլ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG