Մատչելիության հղումներ

«Մեկ տարին քիչ է Երևանի խնդիրները լուծելու համար». ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ


«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունց, 16-ը հոկտեմբերի, 2019թ.
«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունց, 16-ը հոկտեմբերի, 2019թ.

Մեկ տարի առաջ Երևանի իշխանության ղեկը 82 տոկոսանոց վստահությամբ ստանձնած քաղաքապետի գործունեությունն ինչպես են գնահատում ավագանու ընդդիմադիրները։ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ քաղաքի հիմնական խնդիրներն անփոփոխ տեղում են

«Մեկ տարին այն ժամանակահատվածն էր, որոնք կարելի էր ներդրման գործընթացը իրականացնել և երկրորդ տարվա մեկնարկին ունենալ արդեն ներդրված տրանսպորտային ցանց», - ասաց Խաժակյանը։

Խոսքը տրանսպորտային նոր ցանցի մասին է, ծրագիրը կա, սպասում են փողի՝ մոտ 120 միլիոն դոլար է։

«Հիմա կառավարությունը քննարկում է հետևյալը՝ արդյոք պետք է Երևանի տրանսպորտային խնդրի լուծման համար արտաքին պարտքը մեծացնել, որովհետև սա պետք է լինի վարկային ծրագիր և այդ արտաքին պարտքի միջոցով անել էս ներդրումը, մյուսը՝ ինչ վերաբերում է վերելակներին, նույն մոտեցումն է», - նշեց «Լույս» խմբակցության ղեկավարը։

Խաժակյանի մտահոգությունն այն է, որ քաղաքի խոցելի հարցերի լուծումները չեն էլ սկսվել։ Տրանսպորտի առումով «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը համաձայն է՝ քանի դեռ այդ հարցը լուծված չէ, երևանցիների արժանապատվության վերականգնման մասին խոսել չի լինի, բայց, ասում է, մեկ տարին քիչ է։

«Մենք խոստացել ենք կատարել հինգ տարում, էնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք արդեն 5-րդ տարվա վերջում ենք և պետք է հաշվետվություն տանք մեր չկատարած խոստումների համար», - ընդգծեց Խաչունցը։

«Որտեղ է Նոր Նորքը քաղաքին միացնող ճոպանուղին, մետրոյի նոր կայարանը, սրանց գործարկման մասին վստահ խոսում էր քաղաքի գլխավոր ճարտարապետը», - հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը։

«Պարոն Մեսչյանը, որը անգամ նախագծերը ներկայացրեց, որ Նորքի զանգվածից պետք է ճոպանուղի, որը ինչ-որ բարերարի միջոցով պետք է արվի, բնականաբար, չկա, ոչ մի ձայն չկա դրանից, մետրոն՝ Աջափնյակի բնակիչները ոգևորությամբ սպասում են, որ իրենք պետք է այդ մետրոն ունենան, դա էլ՝ լռություն», - ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը։

Հասմիկ Խաչունցը հնարավոր ներդրողների մասին տվյալներ չուներ, բայց ասաց՝ այս նախագծերն ուժի մեջ են, համոզվել է անձամբ. «2,5-3 երեք շաբաթ առաջ Մեսչյանի մոտ մտա և տեսա, թե ոնց էր նա ընտրում էդ ճոպանուղու կաբինկաները, այսինքն՝ գործն ընթացքի մեջ է»։

«Իմ քայլը» խմբակցության քարտուղարի խոսքով՝ քաղաքի լուծված գլխավոր խնդիրը աղբահանության կազմակերպումն է՝ նորաստեղծ համայնքային հիմնարկի միջոցով աղբից խեղդվող Երևանը դուրս եկավ աղետից։ Այստեղ էլ ընդդիմադիրները հիշեցին՝ Երևանի զարգացման ծրագրով երկրորդ օպերատոր պիտի ներգրավվեր, ո՞ւր է նա։

«Երկու ամիս է մնացել, և եթե մենք տեսնենք, որ դա չի իրականացվում 19-ի համար, ապա կհամարենք, որ 19 թվականի գոնե կոմունալ բլոկի այդ հատվածում ունենք ձախողում», - ասաց Խաժակյանը։

Առջևում էլ «Սանիթեք»-ի միջազգային արբիտրաժ դիմելու հեռանկարն է։ Դավիթ Խաժակյանն ասում է՝ քաղաքապետարանի փաստարկները որքան էլ ուժեղ են, պետք է պատրաստվել, փաստաբանների լավ խումբ ձևավորել։

«Միջազգային դատարանում չեն ասի, որ դա նախկինում արել էր Տարոն Մարգարյանը, որովհետև միջազգային արբիտրաժը դրան նայում է որպես մեկ միասնական մարմին, իրեն չի հետաքրքրում՝ փոխվել է քաղաքային իշխանությունը, թե ոչ, նայում է որպես մեկ ինստիտուտ», - նշեց Դավիթ Խաժակյանը։

Ավագանու ընդդիմադիրները մեկ ժամից ավելի տևած քննարկման ժամանակ քաղաքում որևէ դրական փոփոխություն չառանձնացրին և պարբերաբար հիշեցնում էին քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական թեզերը։ Դրանք չեն մոռացել «Իմ քայլ»-ում։

«Մենք մեր խոստումները, բնականաբար, հիշում ենք և մենք մեր խոստումները բաց երեսով ենք տվել երևանցուն և ոչ մի բանից չենք խուսափում և չենք փախչում», - ասաց Հասմիկ Խաչունցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG