Մատչելիության հղումներ

Վարչապետը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկանի մահվան կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցությունն է հայտնել այսօր զոհված ոստիկանի մահվան կապակցությամբ։ Այս մասին գրել է Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկան, ավագ՝ Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին: Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի: Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգևի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը», - գրել է վարչապետը:

Այսօր գիշերը ժամը 4:30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացնող կարգախմբերից մեկի ոստիկանները Հաղթանակի զբոսայգու մոտ երկու երիտասարդի են նկատել, որոնք պարեկային մեքենան տեսնելով՝ փախուստի են դիմել:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել: Բռնված անձինք դիմադրել են, այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել ոստիկանի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին: Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG