Մատչելիության հղումներ

Պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում. Վրաստանի վարչապետ


Պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում: Այսօր նման հայտարարություն արեց Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան առանձնազրույցից և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո։

«Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային հարցերին և համակարծիք ենք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում ամենակարևոր բանն է, որպեսզի տնտեսությունը զարգանալու հնարավորություն ունենա, իսկ մեր ժողովուրդները կարողանան լավ ապրել։ Հայաստանն աջակցում է մեզ տարածքային ամբողջականության հարցում, ինչը շատ կարևոր է մեզ համար և շնորհակալ ենք: Կարծում եմ՝ պիտի այս դրական դինամիկան պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում», - նշեց Գախարիան:

Վրացագետ Ջոն Մելիքյանը նկատում է՝ Վրաստանի վարչապետն այսպիսով ընդգծում է, հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում Աբխազիայից և Հարավային Օսիայից բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին բանաձևի քվեարկության ժամանակ Հայաստանի ձեռնպահ քվեարկությունը: Վրաստանը նմանատիպ բանաձևեր նախաձեռնում է ամեն տարի 2008-ից ի վեր, և մինչև այս տարի Հայաստանը միշտ դեմ է քվեարկել:

«90-ական թվականներին կար կոնսենսուս, հասկանում էինք և Թբիլիսիում էին հասկանում, որ իրար դեմ պետք չի քվեարկել, ինչը փոխվեց 2000-ականներին Սահակաշվիլու ժամանակ։ Խորացնելով հարաբերությունները Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ իրենք ավելի պրոադրբեջանական քաղաքականություն էին արտաքին վարում և այս քայլը, որը տեղի ունեցավ այս տարի ցույց տրվեց Թբիլիսիին, որ մենք իրենց սատարում ենք և ակնկալում ենք նույն տիպի աջակցություն իրենց կողմից, եթե մոտ ապագայում ադրբեջանական կամ այլ պետության կողմից առաջ քաշվի հակահայկական փաստաթուղթ, որը Ղարաբաղին վերաբերվի կամ այլ», - ասաց Մելիքյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար: Փաշինյանը կարևորեց նաև երկարատև ընդմիջումից հետո հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը:

«Կարևորեցինք տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի իրականացման նշանակությունը՝ ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից», - հայտարարեց վարչապետը։

Կողմերը նկատեցին՝ երկրների միջև ամենանշանակալի չափումը տնտեսությունն է, որտեղ իրենք առաջընթաց են տեսնում:

Հայ-վրացական հարաբերություններում կարևոր դերակատարում ունի Լարսի միջանցքը, որը Հայաստանը արտաքին աշխարհին կապող հիմնական ճանապարհն է: Վրացագետ նկատում է՝ Լարսի այլընտրանք համարվող Աբխազական երկաթուղին ռուս-վրացական հարաբերությունների տիրույթում է: Իսկ Լարսի ճանապարհի հետ կապված առաջընթաց կա, Վրաստանի կառավարությունը միջազգային ֆինանսական միջոցների ներգրավմամբ բարեկարգելու է այն:

«Ինչը Վրաստանի մասով տալու է հնարավորություն մաքսիմալ օգտագործելու այս ճանապարհը, իսկ խնդիրը հիմնականում այսօր ռուսական անցակետն է, որը չունի հնարավորություն և մաքսիմալից էլ մի քիչ ավել է աշխատում։ Իրենք հնարավորություն չունեն ավելի շատ ավտոմեքենա սպասարկելու, ինչը այսօր կա», - ասաց Ջոն Մելիքյանը։

Վարչապետները հայտարարությունների ավարտին լրագրողների հարցերին չպատասխանեցին և օդում կախված մնաց Վրաստանի տարածքով ցորենի փոխադրման վրա անցած տարի սահմանված, բայց այդպես էլ չկիրառված արգելանքը: Վրացագետը նկատում է՝ այդ գաղափարը առաջացել է նախկին վարչապետի օրոք, ով պաշտոն ստանալուց առաջ Վրացական երկաթուղու նախագահն էր: Անդրադարձ չեղավ նաև հայաստանցի մի խումբ լրագրողների Վրաստանի սահմանին ունեցած խնդրին։

XS
SM
MD
LG