Մեկ շաբաթ առաջ Իզմիրլյան բժշկական կենտրոնում վիրահատված Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա մասնակցել դատական նիստին, հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ ընթերցելով քրեակատարողական ծառայության գրությունն այն մասին, որ չեն կարողանա ապահովել Քոչարյանի մասնակցությունն այսօրվա դատական նիստին․ - «Հաշվի առնելով, որ պարոն Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, այսօրվա դատական նիստը հետաձգվում է: Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ նախորդ դատական նիստերից մեկում բավարարել է Սեյրան Օհանյանի միջնորդությունը և թույլ է տվել վերջինիս բացակայել Հայաստանի Հանրապետությունից սույն թվականի հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ: Այդ կապակցությամբ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 13-ին:
Իր հերթին հայտարարությամբ հանդես եկավ փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Չարչյանի գրությունը․ - «Ձեր փաստաբանական հարցմանը պատասխանում ենք, որ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ընդունվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ստացիոնար բուժման 08.10․2019-ին, վիրահատվել է 09․10.2019-ին, ներկայումս հետվիրահատական վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շարունակվում է: Առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում (կախված վերականգնողական բուժման ընթացքից և արդյունավետությունից) Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռևս հնարավոր չէ: Սույն պատասխանը տրվել է հենց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, պրոֆեսոր, դոկտոր, պարոն Չարչյանի կողմից»:
Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանը փորձեց պարզաբանում ստանալ, թե ինչու է Քոչարյանը դեռևս գտնվում հիվանդանոցում, սակայն դատավորը թույլ չտվեց նրան խոսել։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում, նա հայտարարում է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։