Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Այցի ընթացքում Գիորգի Գախարիան հանդիպումներ կունենա նախագահ Արմեն Սարգսյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:
Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Գիորգի Գախարիան Վրաստանի վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 8-ին: Անցած շաբաթ նա այցելել է Ադրբեջան: