Մատչելիության հղումներ

Իսպանիայի դատարանը պատժում է Կատալոնիայի անջատականներին


Կատալոնացիները բողոքում են անջատական լիդերներին ազատազրկելու վճիռների դեմ, Բարսելոնա, 14-ը հոկտեմբերի, 2019թ.
Կատալոնացիները բողոքում են անջատական լիդերներին ազատազրկելու վճիռների դեմ, Բարսելոնա, 14-ը հոկտեմբերի, 2019թ.

Իսպանիայի Գերագույն դատարանը կատալոնացի 9 անջատականների այսօր դատապարտել է 9-ից մինչև 13 տարվա ազատազրկման:

Առավել ծանր պատիժը՝ 13 տարի, ընտրվել է Կատալոնիայի անջատականների շարժման ղեկավարի տեղակալ Օրիոլ Ժունկուերասի նկատմամբ:

Դատապարտված անջատական առաջնորդներից 4-ին դատարանը մեղադրել է նաև հանրային միջոցները մսխելու մեջ:

Եվս 3-ը մեղադրվել են հասարակական անդորրը խախտելու համար և պայմանական պատժաչափի են դատապարտվել:

Իսպանիայի Գերագույն դատարանը կատալոնացի լիդերներին մեղավոր չի ճանաչել ծանրագույն պատիժ ենթադրող՝ ապստամբության հոդվածով:

Կատալոնիայում հանրությունն արդեն կազմակերպում է բողոքի ակցիաներ՝ ի պատասխան այսօրվա դատավճիռների:

Դրանք՝ առնվազն այս ժամի դրությամբ, խաղաղ են, սակայն պաշտոնական Մադրիդն արդեն հայտարարել է, որ իրավապահները համարժեք գործողության կդիմեն այն դեպքում, եթե իրավիճակը դուրս գա հսկողությունից:

Ավելին՝ Մադրիդը պատրաստ է անջատական երկրամասում ուղիղ կառավարում մտցնել՝ այնպես, ինչպես արել է 2017 թվականին՝ ապօրինի ճանաչելով Կատալոնիայի անկախության հանրաքվեն:

«Սա ահավոր անարդար վճիռ է, այն հակասում է մարդու հիմնարար իրավունքներին, բողոք հայտնելու, հավաքներ կազմակերպելու, կարծիք արտահայտելու իրավքունքին և խախտում է պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը», - ասել է Բարսելոնայի բնակիչ, մասնագիտությամբ ուսուցիչ Ռոբերտ Բուխը:

Մայրաքաղաք Մադրիդում մարդիկ ողջունում են դատարանի որոշումները:

«Կարծում եմ, ապստամբությունը հանցանք էր, նրանք փորձել են դեմ գնալ և՛ պետության իրավունքին, և՛ դեմոկրատիային: Ուստի նրանք պետք է պատժվեն քրեական օրենսգրքի ամենախիստ հոդվածով», - պնդում է մադրիդցի Խուան Լուիս Ուկադեն:

Դատարանի որոշումներին է այսօր անդրադարձել նաև Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը:

«Տեղյալ լինելով Գերագույն դատարանի վճիռների մսին, ես ուզում եմ ընդգծել, որ կառավարությունն անվերապահորեն հարգում է դրանք և համոզված է, որ վճիռները պետք է ի կատար ածվեն: Այդ որոշումները վերջ են դնում իրավաբանական գործընթացին, և ես ցանկանում եմ ընդգծել, որ ամեն ինչ տեղի է ունեցել բացարձակ թափանցիկ, Իսպանիայի պես դեմոկրատական և սոցիալական երկրին բնորոշ օրենքի գերիշխանության պայմաններում: Կրկնում եմ՝ սա նշանակում է, որ գործընթացն ավարտվեց», - ասել է վարչապետի պաշտոնակատար Սանչեսը:

Մինչդեռ, կատալոնացիները ներում են պահանջում դատապարտված լիդերների համար:

«Անհատներն, ովքեր մշտապես գործել են բացարձակ խաղաղ և դեմոկրատական եղանակով, այսօր դատապարտվել են 9-ից մինչև 13 տարվա ազատազրկման: Այդ դատավճիռը վիրավորանք են դեմոկրատիային և դատապարտում են ամբողջ կատալոնական հանրությունը, քանի որ նրանցից [դատապարտվածներից] յուրաքանչյուրը կամ սոցիալական լիդեր էր կամ անձ, որի գործողությունների հիմքում նվիրում էր նախընտրական ծրագրում ամրագրված քաղաքական գաղափարին», - ասել է Կատալոնիայի ներկայիս լիդեր Քուիմ Տորրան:

Այս տարվա նոյեմբերի 10-ին Իսպանիայում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ՝ չորրորդ անգամ անցած 4 տարում, և ամենայն հավանականությամբ, այս դատավճիռներն ու կատալոնացիների արձագանքները մեծ ազդեցություն կգործեն քվեարկության արդյունքների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG