Մատչելիության հղումներ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին


Խաղաղության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվեց Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին` Աֆրիկայի ամենաերիտասարդ առաջնորդին, ում արևմտյան լրատվամիջոցները ամսիներ առաջ դեռ բնորոշել էին որպես ժողովրդավարության առաջամարտիկ, հեռատես ու համարձակ գործիչ:

Մեկ տարի առաջ իշխանության գալով բռնապետական համբավ ունեցող երկրում, որը շատերն էին համեմատում Հյուիսային Կորեայի հետ, 43-ամյա Աբիյ Ահմեդը կառավարման առաջին իսկ օրից ձեռնարկեց քայլեր, որոնք մինչ այդ որևէ մեկը չէր հանդգնել: Հենց նրա որոշմամբ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, որոնց գոյությունն անգամ նախորդ իշխանությունները կտրականապես հերքում էին: Երիտասարդ վարչապետը նաև վերացրեց շուրջ երկու տարի երկրում գործող արտակարգ դրությունը, ընդդիմադիր գործիչներին հանեց ահաբեկիչների ցուցակից ու ազատականացրեց տնտեսությունը:

«Նա ազատ արձակեց մարդկանց, որոնք դարերով բանտերում էին և ընդհանրապես մոռացության էին մատնված: Սա չտեսնված առաջընթաց էր ցանկացած եթովպացու համար: Ես ինքս ծնվել և մեծացել եմ Եթովպիայում, և երբեք նրա նման առաջնորդ չեմ տեսել իմ ողջ կյանքի ընթացքում», - ասաց Ադդիս Աբաբայի բնակիչ Իկելե Բոգալեն։

Ներքաղաքական բարեփոխումներից բացի երիտասարդ վարչապետը բեկում էր արձանագրել նաև հարևան Էրիթրեայի հետ տարածքային վեճը հանգուցալուծելու հարցում:

Էրիթրեան Եթովպիայից անկախացել է 1993-ին: 5 տարի անց, սակայն, հարևանների միջև պատերազմ էր սկսել, մոտ երկու տարի շարունակված ռազմական գործողությունները շուրջ 100 հազար մարդու կյանք էին խլել: 2000 թվականին կողմերը Ալժիրում խաղաղության համաձայնագիր էին ստորագրել, պայմանավորվածությունները, սակայն, 20 տարի մնացել էր թղթի վրա: Ռազմական լայնածավալ գործողությունների շարունակական սպառնալիքի պատճառով Եթովպիան, որ Աֆրիկայի երբեմնի ամենաարագ զարգացող երկիրն էր, դարձել էր ամենաաղքատներից ու հետամնացներից մեկը, ներդրումները շեշտակի նվազել էին, տասնյակ հազարավոր մարդիկ՝ արտագաղթել: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց Աբիյ Ահմեդը համաձայնեց Էրիթրեային փոխանցել վիճահարույց տարածքներն ու սկսել «խաղաղության և բարեկամության» նոր դարաշրջան:

«Երբ Եթովպիայի և Էրիթրեայի միջև խաղաղություն հաստատվի, Աֆրիկյան այս տարածաշրջանը կդառնա խաղաղության ու զարգացման կենտրոն, մեր ժողովուրդը, որ դարձել է թափառական և ապրում է փախստականի պես, կվերադառնա հայրենիք, մեր քաղաքացիներն այլևս չեն վաճառվի կամ փոխանակվի ապրանքների նման», - նշել է Աբիյ Ահմեդը

Խաղաղության մասին հռչակագրով կողմերը սկսեցին բարելավել դիվանագիտական ու առևտրային հարաբերությունները, վերականգնեցին հեռախոսային ու օդային հաղորդակցության միջոցները: Բացի այդ, դեպի ծով ելք չունեցող Եթովպիան այդ համաձայնագրով Էրիթրեայի նավահանգիստներից օգտվելու հնարավորություն ստացավ: Ի դեպ, հակամարտության կարգավորմամբ զբաղվում էր գերտերությունների եռյակը՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Նորվեգիան:

Այսօր Եթովպիայի փողոցներում, ըստ «Ռոյթերզ»-ի, շատերն էին նրան ողջունում։

«Ես շատ երջանիկ եմ, այն ինչ մեր վարչապետն արել է՝ հանուն մեր երկրի, հանուն խաղաղության, ահռելի ձեռքբերում է ոչ միայն մեր սերունդների, այլև ողջ Աֆրիկայի համար», - նշեց բնակիչներից մեկը:

Փորձագետները փաստում են, որ ձեռք բերված համաձայնությունը և սկսված բարեփոխումները ավարտին հասցնելու համար դեռ շատ քայլեր են անհրաժեշտ, և թերևս հենց դրան էր ուղղված Նոբելյան կոմիտեի այսօրվա ուղերձը : «Ինչ-որ մեկը կարող է ասել, թե դեռ վաղ էր շնորհել այս մրցանակը, սակայն, Նոբելյան կոմիտեն հավատում է, որ հենց հիմա է պետք ճանաչել Աբիյ Ահմեդի ձեռքբերումները և աջակցել նրան», - հայտարարեց հանձնաժողովի ղեկավար Բրիտ Անդերսենը:

Ինքը՝ երիտասարդ առաջնորդը երախտագիտությամբ է ընդունել մրցանակն ու պնդել՝ ողջ Աֆրիկան է դրան արժանացել: Այս տարի Խաղաղության մրցանակի համար առաջադրվել էին աշխարհի ավելի քան 300 առաջնորդներ ու կազմակերպություններ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հեղինակավոր Washington post-ն, ի դեպ, անցած տարեվերջին Փաշինյանին ու Ահմեդին ներառել էր աշխարհի այն երեք առաջնորդների ցանկում, որոնք կարողացել էին ժողովրդավարություն ու բարեկեցություն բերել սեփական երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG