Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն ուսումնասիրում է Վիտալի Բալասանյանի հայտարարությունները


Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններով զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):

Վիտալի Բալասանյանը «Լայվ նյուզ»-ին տված հարցազրույցում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար կազմի հետ մեկ ամսվա վաղեմության հանդիպումը և սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել նրանց, ովքեր իր իսկ խոսքերով՝ ոտնձգություն կանեն իր, Արցախի իշխանության և պետականության դեմ: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ հայտարարություններում նշված հանգամանքները կստուգի ԱԱԾ-ն:

«Հիմա իմ գնահատականը Նիկոլ Փաշինյանին, նամանավանդ, երբ որ վերջերս էդ ահաբեկչական պարագլուխների հետ հանդիպել է, Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, ինչու չէ և ինձ և իմ նմաններին, որ տեսեք՝ «ինձ ունեմ մարտական թև, կարող եմ մեկ փոքր հրաման տալ և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես լուծեն», ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ «Սասնա ծռերին»՝ ընդհանրապես թող չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալեն կամ քննարկեն, րոպե առաջ պատասխան են տալու», - նշել է Վիտալի Բալասանյանը։

Բալասանյանի հայտարարությանը արձագանքել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում: 2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը»։

«Մեկը՝ զենքով, մեկը՝ գրիչով իշխանությունը բռնազավթել են, բարձրաձայն ասում եմ, թող բոլորը լսեն, բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն», - ասել է Բալասանյանը։

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի կարծիքով Վիտալի Բալասանյանի հայտարարությունների թիկունքում նախկին իշխանություններն են: Սա ահազանգ է իրավապահներին, ասաց Վարուժան Ավետիսյանը։

«Վիտալի Բալասանյանը ներկայացնում է 5-րդ շարասյունը, 5-րդ շարասյունը, որ այսօր ևս հանցավոր համագործակցություն է, մաֆիա է, որը ձևավորվել է տասնամյակներ առաջ։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ստեփանակերտյան ռեժիմ, տարատեսակ Վանեցյաններ, Բալասանյաններ և այլոք, այս 5-րդ շարասյան պարագլուխները, որոնք պետք է օր առաջ մեկուսացվեն, այդ ամբողջ հանցավոր համագործակցությունը չի ընկրկում ռևանշի իր պլաններից», - ասաց Ավետիսյանը։

Վիտալի Բալասանյանն այդ հայտարարություններով փորձում է սիրաշահել Սերժ Սարգսյանին, այս կարծիքին է Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը:

Պատգամավորը հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանի հասցեին Բալասանյանի ավելի վաղ ասված խոսքերը. «2005 թվականին հրապարակային մի հարցազրույցում նա կոչ էր անում Սերժ Սարգսյանին գրանցել «Գինեսի» գրքում, որովհետև Սերժ Սարգսյանը երկրագնդի վրա միակ պաշտպանության նախարարն է, էն ժամանակ Սերժը նախարար էր, որը խոսում էր տարածք հանձնելու մասին։ Քանզի Բակո Սահակյանի թիմում էսօր լուրջ մրցակցություն կա Սերժ Սարգսյանի համակրանքը շահելու համար, և կարծում եմ՝ Բալասանյանի էդ հայտարարությունները միայն էդ կոնտքստում են»։

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի հայտարարություններն ի սկզբանե առնչություն չունեն Արցախի հասարակության և իշխանության կարծիքի հետ, վստահեցրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Որևէ մեկը իրավունք չունի կասկածի տակ դնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը», - ասաց Բաբայանը։

«Ազատության» հարցին, թե այսպիսի հայտարարությունները չեն կարո՞ղ խարխլել միասնությունը, Արցախի նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց. «Իհարկե, խարխլում են, և որևէ մեկն իրավունք չունի այդպիսի հայտարարություններ անելու, ով ուզում է լինի, հատկապես քաղաքական դաշտից հայտարարությունները պետք է լինեն շատ ավելի հավասարակշռված, հազար անգամ ավելի կոռեկտ»։

Վիտալի Բալասանյանը մեկ ամիս առաջ էլ հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն Մարտի 1-ի գործի շրջանակում, սակայն չէր ներկայացել: Պատասխանել էր դիմումով, թե «2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվում են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել ԶԼՄ-ների միջոցով»: Մինչդեռ դրանից առաջ Վիտալի Բալասանյանը հարցազրույցներից մեկում պնդել էր, թե ինքն էլ է տեղյակ Մարտի 1-ի դեպքերից, ինֆորմացիա ունի՝ ինչ է կատարվել: Բալասանյանը միացել է նաև Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանն ուղղված հայտարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG