Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագծի շուրջ
խորհրդարանում կրքերը չեն հանդարտվում: Սա «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծն է, որին առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել նաև իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: Այսօր Պետաիրավական հանձնաժողովում քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անընդունելի է համարում ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները քաղաքականացնելը և դրանք համակարգից դուրս գտնվողներին վստահելը:
«Բայց ինչն է պատճառը, որ մենք ուզում ենք, որ վարչապետը դրսից մարդ նշանակի։ Անկեղծ ասած, եթե կառավարությունը ներկայացրած լիներ այս նախագիծը, ես կարող էի մտածել, որ ինչ-որ մեկի համար պաշտոն են կարում, բայց որ դուք եք ներկայացնում, շատ անհասկանալի է», - ասաց Պետրոսյանը։
Գործող օրենքով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնում կարող է նշանակվել այն ծառայողը, որը համակարգում զբաղեցրել է բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Առաջարկված փոփոխությամբ այս պահանջները պարտադիր չեն: ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող անձը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանեց՝ այսպիսով հնարավորություն են ընձեռում, որ համակարգից դուրս գտնվողներն էլ կարողանան նշանակվել այս պաշտոններում:
«Մասնագիտացման վրա որևէ ազդեցություն բացասական չի կարող ունենալ, ինչո՞ւ, որովհետև քաղաքականության մշակման և որոշումների կայացման առումով այստեղ ամբողջ պատասխանատվությունը, քանի որ վարչապետին ենթական մարմիններ են նաև վարչապետն է կրում, որովհետև ինքն է նշանակելու ԱԱԾ և ոստիկանապետի պաշտոնյաներին պաշտոններում, և ուղղակի մենք հնարավորություն ենք ընձեռում, որ համակարգից դուրս մարդիկ նույնպես կարողանան նշանակվել», - ասաց Մարուքյանը։
«Եթե էսօր Ազգային անվտանգության ծառայություն պետ կամ ոստիկանապետ կարա նշանակվի դրսից մարդ, որը որևէ ընդհանրություն չունի, ոիևէ անցյալ չունի էդ համակարգի հետ, դուք պատկերացնում եք մենք ինչ հիասթափության ալիք ենք հարուցելու այն ազնիվ պետական ծառայողների մոտ, ովքեր իրանց կյանքը մաշել են էդ հիմնարկներում, բայց հիմա զրկվելու են էդ հիմնարկը ղեկավարելու ողջամիտ հավակնությունից», - ընդգծեց Պետրոսյանը։
Իշխանական պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հակադարձեց՝ Գևորգ Պետրոսյանին, թե պահանջվող չափանիշները ազատականացնելուց ոլորտի ղեկավարումը չի տուժի:
«Նախագիծը հետևյալի մասին է, թե ինչպիսի ղեկավարում պետք է լինի այդ համակարգում, ով պետք է նշանակվի այդ համակարգի ղեկավարի պաշտոնում և եթե դեֆակտո այն վերածվել է քաղաքական պաշտոնի, ավելի ճիշտ կլինի անկեղծ լինենք և ասենք, որ, այո, սա քաղաքական պաշտոն է և քաղաքական նշանակում ենք անում», - արձագանքեց Վարդանյանը։
«Իմ քայլ»-ից մեկ այլ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ այս փոփոխությունը հիմնավորեց կոռուպցիայի դեմ պայքարով: Դրսից եկած թեկնածուն ավելի անկած ու անկաշկանդ կլինի:
«Որպես կանոն այդ հիմնարկի ղեկավարը իր հետևից շարում է, իր ներքևը շարում է իրեն ցանկալի անձանց, նման հիմնարկների ղեկավարները որպես կանոն ժամանակի ընթացքում իրենց տակը դնում են այն անձանց, որոնց իրենց ենթակա են, իրենց ենթակայության տակ նկատի ունեմ», - նշեց Նիկոլայ Բաղդասարյանը։
Միակ ընդդիմախոս Գևորգ Պետորսյանին հուզում էր նաև տարիքային շեմի նվազեցումը: Համակարգում չծառայած 25-ամյա երիտասարդը ինչպե՞ս կարող է արդյունավետ ղեկավարել, հարցրեց ԲՀԿ-ական պատգամավորը:
«Մենք փոխանակ որպես իրավաբաններ նպաստենք էդ հատուկ պետական ծառայություններում պրոֆեսիոնալների ընդգրկմանը, մենք էսօր ասում ենք՝ ազատականացում, դուք վտանգ չեք տեսնո՞ւմ այդտեղ, որ կարող է դրսից մի 25 տարեկան թեկուզ շատ կիրթ երիտասարդ գա, որը բավարարում է պատգամավորի պահանջները ու Ազգային անվտանգության պետ նշանակվի ծառայության, նա ի՞նչ ցուցում պիտի տա իր տեղակալներին և արդյո՞ք դուք այստեղ վտանգ չեք տեսնում, որ մենք այդ ծառայությունները քաղաքականացնում ենք», - ասաց Պետրոսյանը։
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ: Քննարկումը կշարունակվի լիագումար նիստում: