Մատչելիության հղումներ

33-ամյա ծննդկանը չի հավատում, թե իր երեխան մահացած է ծնվել


«Որտե՞ղ է երեխայիս մարմինը, եթե նա մահացել է», - երեխայի ծնվելուց 15 օր անց, 33-ամյա ծննդկան Հայկուհի Խաչատրյանը դեռ այս հարցն է տալիս հանրապետական ծննդատան տնօրենին ու ծնունդն ընդունած բժշկին:

Խաչատրյանն ասում է, որ հղիությունն ընթացել է առանց բարդությունների, բայց առայսօր չի հասկանում, թե ինչու երեխան մահացած ծնվեց և ինչու այդպես էլ չկարողացավ տեսնել երեխայի մարմինը:

Հայկուհին ծննդաբերությունից հետո դուրս է գրվել, հետո առողջական խնդիրները բարդացել են, և այժմ վերակենդանացման բաժանմունքում է:

«Դեպքի օրը երեկոյան, ինձ քնաբերների ազդեցության տակ պահելով, երեխայիս տարան: Ամուսնուս պահակախումբը տարավ, հարազատներին տարան», - հեռախոսով «Ազատությանը» պատմեց Հայկուհի Խաչատրյանը: - «Ես երբ հարցրեցի որտեղ է, ասեցին՝ մեզ մոտ է: Ասում եմ՝ մենք ուզում ենք տեսնել մեր երեխային: Ասում են՝ չի թույլատրված, ոստիկանները պիտի հետամուտ լինեն: 28-ին դուրս են գրել, 29-ին արդեն հաղորդում եմ ներկայացրել ոստիկանություն»:

Երեխային փնտրող կինը պնդում է, որ ծննդաբերության ժամանակ դեղերի ազդեցության տակ թմրած ու մշուշոտ գիտակցությամբ է եղել, դուրս գրվելուց հետո զանգահարել է դիահերձարաններ, լաբորատորիաներ ու պարզել, որ երեխայի մասին տեղեկություն որևէ տեղ չկա:

Դրանից հետո ամուսնու հետ գնացել է Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, որն ավելի շատ հայտնի է, որպես հանրապետական ծննդատուն, և բժշկից ու տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից պահանջել է երեխայի մարմինը: Կինը փոխանցեց, որ այդ օրերին ինքն արդեն խնդրի մասին լրատվամիջոցներով բարձրաձայնել էր, իրենց այցելության պահին տեսանկարահանողներ կային: Համացանցում հայտնված հենց այդ կադրերից նաև «Ազատությունն» է օգտվել:

«Իմ մայրական ներքին զգացողությունն այն է, որ իմ երեխան ողջ է: Մեզ զանգահարեցին, ասեցին, որ երեխայի մասին լուրեր ունեն, դատաբժշկականում է: Ես էլ իմ ձեռքով կարված բոժոժ էի տարել: Ասեցի՝ գնամ տեսնեմ: Եթե մարմինն ա, բերեմ հուղարկավորեմ, եթե ողջ ա, երեխայիս կգրկեմ, տուն կվերադառնամ: Գնացի ու պարզեցի, որ բանկայի մեջ երեք կտոր ինչ-որ օրգաններ էր լցված: Ֆորմալինի մեջ, որտեղից ԴՆԹ չի անջատվում», - պատմեց կինը:

Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը տեսախցիկի առջև մեր հարցերին չպատասխանեց, ասաց, որ կնոջ հղիությունը հսկած մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Քեհյանը հարցազրույց կտա:

Վերջինս «Ազատությանը» պատմեց, որ ծննդկանը երեխայի դին տեսնելու ցանկություն չի էլ հայտնել: Մեր հարցերը, թե որն է եղել երեխայի մահվան պատճառը և որտեղ է այս պահին երեխայի մարմինը, մնացին անպատասխան:

Քեհյանն ասաց․ - «Ինը ամիս ինքը եղել է իմ հսկողության տակ: Սակայն որոշակի ժամկետներում, երբ որ իրեն առաջարկվել է ավելի խորը հետազոտություն, որը որ ցուցված է եղել իրեն ութերորդ հղիության և երկու անգամ չզարգացող հղիություն ունեցող կնոջ մոտ, նա հրաժարվել է: Նույնիսկ հրաժարվել է որոշակի շատ կարևոր սկրինինգային հետազոտություններից: Ընդունվել է ասմի 24-ին: Ժամը 17-ն անց կես հայտնաբերվել է անտենատալ պտղի մահ, որի մասին նա տեղյակ էր, և դա ապացուցվել է էխոգրաֆիկ հետազոտությունով: Ծննդաբերել է մեռելածին: Բացի վարող բժշկից, մանկաբարձից, ծնարանում գտնվում էին նաև բույժքույրերը, մայրապետները, որոնք տեսել են, որ պտուղը մահացած է ծնվել: Ծննդաբերությունը ավարտելուց հետո, երկուս ու կես ժամ անց նաև սառնարանում դրված երեխային դին տեսել է իր քույրը: Ինքը ցանկություն չի հայտնել: Ես կիսում եմ Հայկուհու վիշտը: Ես էլ եմ մայր և ես լրիվ իրեն հասկանում եմ: Չէի ցանկանա, որ էսպես ավարտվեր»:

Հայկուհի Խաչատրյանը հույս ունի, որ իր երեխան ողջ է: Նա չի հավատում բժիշկների պնդումներին, թե երեխան մահացած է, որովհետև իր պնդմամբ՝ հիվանդանոցի տնօրենն իրեն ու քրոջը 1 մլն դրամ է առաջարկել որպես օգնություն, ինչի մասին ինքը տեղեկացրել է իրավապահներին․ - «Կասկածելին ո՞րն է: Երբ որ ինձ մի միլիոն սկսեցին առաջարկել, հետո նույն առաջարկը քրոջս են կանչել, Ռազմիկ Աշոտիչը, Ռուզան Քեհյանը, նորից արել՝ քրոջս ասա վերցնի, հպարտություն չանի, գումարը վերցնի, թե չէ դա էլ չենք տա: Ես էլ ասեցի՝ ո՞նց եք մի միլիոնը համարձակվում ինձ առաջարկել, ես իմ երեխային չեմ վաճառում»:

Քննչական կոմիտեն միայն երեկ է հաղորդագրություն տարածել, որ պտղի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախարարությունը տեղեկացված է եղել և օգնել է իրավապահներին օբյեկտիվ տեղեկատվություն հավաքագրելու գործում։ Քրեական գործի հանգուցալուծումից հետո, ըստ Թորոսյանի, անհրաժեշտության դեպքում համապատասխան համակարգային միջոցառումներ կձեռնարկեն: Նախարարը նաև այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող ծննդկանին:

Ի դեպ հենց այս հիվանդանոցի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն էր ամիսներ առաջ բերման ենթարկվել ԱԱԾ՝ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին կաշառք տալու գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG