Հոկտեմբերի 31-ին նախատեսվում է «Բրեքզիթ»-ը՝ Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դուրս գալը, մինչդեռ այդ բարդ քաղաքական, տնտեսական և իրավական գործընթացը կարգավորող և ոչ մի փաստաթուղթ չի համաձայնեցվել:
Վարչապետ Բորիս Ջոնսոնը Բրյուսելին է ներկայացրել իր վերջին առաջարկների փաթեթը: Բրյուսելում ողջունել են դրանում տեղ գտած որոշ ձևակերպումներ, բայց և ընդգծել, որ փաթեթին՝ առնվազն դրա ներկայիս տարբերակին, հավանություն տալու հնարավորություն գործնականում չկա:
Վարչապետը երեկ ասել է խորհրդարանում, թե Լոնդոնը Եվրամիությանը ներկայացրել է այնպիսի առաջարկներ, որոնք պետք է երաշխավորեն կառույցից Միացյալ Թագավորության դուրս գալու իրականացումը, քանի որ դա էր հանրաքվեով բրիտանացիների կայացրած որոշումը:
Ջոնսոնի փոխանցմամբ, բրիտանացիների մեծ մասը հստակ քվեարկել է հօգուտ «Բրեքզիթ»-ի, ուստի իշխանությունը պարտավոր է կատարել ժողովրդի կամքը:
Մյուս խնդիրը՝ Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Եվրամիության անդամ Իռլանդիայի Հանրապետության, կամ, ինչպես երբեմն մամուլում նշում են՝ Հարավային Իռլանդիայի սահմանն է:
Այն հիմա բաց է, անցակետ կամ մաքսակետ չկա: Ներիռլանդական առճակատումը կարգավորվել է այն աստիճանի, որ արյունահեղություն չի լինում: Բայց եթե անցակետ և մաքսատուն տեղադրվի, առճակատումը կարող է բորբոքվել:
Գոյություն ունի backstop անվամբ եզրույթ, որից Լոնդոնում սարսափում են: «Բեքսթոփը» Եվրամիության առաջարկն է, ըստ որի՝ սահմանի և մաքսատան խնդիրներից խուսափելու համար Հյուսիսային Իռլանդիան պետք է ինչ-որ ձևաչափով շարունակի մնալ Եվրամիության մաքսային միությունում և միացյալ տնտեսական գոտում:
Այլընտրանքը «կոշտ» սահմանն է՝ անցակետով և մաքսակետով: Ջոնսոնը երեկ ասել է, որ իր կառավարության նպատակն է պայմանագրով իրագործել «Բրեքզիթ»-ը, դրա համար, ըստ վարչապետի, Լոնդոնն ամեն ինչ արել է, զիջումների է գնացել, մնացյալը Բրյուսելի անելիքն է: Բայց երեկ վարչապետը խորհրդարանում խոստովանել է, որ լուծում դեռ չկա:
«Այս պահին, երբ ես կանգնած եմ ձեր առաջ, մենք դեռ հեռու ենք լուծումից, հիմա պետք է մեր եվրոպացի բարեկամները զբաղվեն թվարկված հարցերով», - հայտարարել է Ջոնսոնը:
Ըստ Բրյուսելի, «բեքսթոփը» չարյաց փոքրագույնն է, այն թույլ կտա կանխել ներիռլանդական հակամարտության վերսկսումը, Իռլանդիայի Հանրապետությունը կողմ է «բեքսթոփին»:
«Իմ ընկալմամբ՝ Բորիս Ջոնսոնը ցանկանում է գործարք կայացնել, երեկվա այդ առաջարկը ճիշտ ուղղությամբ շարժվելու փորձ է, բայց ընդունում եմ, որ եթե դա վերջնական տարբերակն է՝ գործարք չի լինի», - ասել է Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Քոուվընին:
Բրիտանիան չի ընդունում «բեքսթոփ», քանի որ այդ դեպքում՝ թեկուզ անուղղակի, Թագավորության մի հատվածը կշարունակի մնալ Եվրամիությունում, ինչը նշանակում է Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ Լոնդոնի ինքնիշխանության որոշակի կորուստ:
Բրյուսելը նշել է, որ միանշանակ և առանց վերապահումների սատարում է Իռլանդիային:
Այսպիսով, «Բրեքզիթ»-ի կոշտ տարբերակը՝ առանց պայմանագրի Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից, հետզհետե ավելի իրատեսական է դառնում: