Մատչելիության հղումներ

«Դատապարտելի է անձնական կյանքը քննարկման առարկա դարձնելը»․ քաղաքական գործիչները քննադատում են Անդրանիկ Քոչարյանին


Ֆեյբսուք սոցիալական ցանցը երեկվանից հեղեղված է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին դատապարտող գրառումներով:

Իշխանական պատգամավորը սկանդալի կենտրոնում է Հանրապետական կուսակցության նախկին անդամ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ծնողների հասցեին 1in.am-ի եթերում հնչեցրած վիրավորանքի պատճառով:

Ֆեյսբուքյան օգտատերերը քննադատելով պատգամավորին՝ պահանջում են ներողություն խնդրել նախկին իշխանության ներկայացուցչից: Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներողություն խնդրել չի պատրաստվում ու պարզաբանեց, թե «անհայտ հայրիկ» ասելով ինչ նկատի ունի․ - «Անհայտ նշանակում է հասարակությանը ոչ հայտնի: Երեկ ամբողջ Ֆեյսբուքը փնտրում էր և ոնց որ թե հայտնաբերեց: Անհայտը արդեն հայտնի է: Գնացեք․․․ կարող է և սխալվում են, ես չգիտեմ: Բայց ես օրինակ կարդացի, aravot.am-ը դրել էր Արփինե Հովհաննիսյանի երևի նախընտրական բանը․ էնտեղ պապու մասին խոսում էր, հայրիկի մասին ոչ մի խոսք չկար»:

Անդրանիկ Քոչարյանը Արփինե Հովհաննիսյանի հասցեին անվայելուչ խոսքեր է ասել այն պատճառով, որ վերջինս «24news»-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը քննադատելիս Քոչարյանի անունն էլ է հիշատակել: Բայց ոչ թե քննադատել կամ վիրավորել է Անդրանիկ Քոչարյանին, այլ թալանված ակտիվների վերադարձի օրենքի մասին խոսելիս՝ ասել է, որ իշխանությունը խտրական մոտեցում է ցուցաբերում՝ խնդիրը դիտարկելով վերջին տասը տարվա կտրվածքով եւ ոչ թե 90-ականների սկզբից:

«Պայմանական անուն եմ տալիս. Անդրանիկ Քոչարյանը, որ, օրինակ, ինչ-որ բան է սեփականաշնորհել, ինչ-որ տեղ, ինքն ապօրինի՞ է դա արել, թե՞ ոչ: Պայմանական եմ ասում՝ Գագիկ Ջհանգիրյանը, Հովհաննես Իգիթյանի, Պողոս Պետրոսյանը և այլն», - ասել էր Հովհաննիսյանը:

«Արփինե Հովհաննիսյանը, Արդարադատության նախկին նախարարի հարցազրույցի մեջ իմ անունը հոլովելու, իհարկե ինքը ասեց՝ որպես օրինակ կամ պայմանականորեն․․․ Ես էլ հակադարձել եմ այդ փոքր բանով․ պայմանականորեն իմ անունը հոլովելու փոխարեն կարող էր այլ անուն հոլովեր, ենթադրենք ձեզ հետաքրքրող մայրիկի կամ ընտանիքի այլ անդամի, կամ իրեն՝ եթե [խոսքը] վերաբերում է նախկինում հայտարարագրած ունեցվածքին», - այսօր հակադարձեց Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը վրդովվել է, որ իր փոխարեն Արփինեի Հովհաննիսյանից ներողություն է խնդրել նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

Թիմակցի փոխարեն այդ խոսքերի համար ներողություն է խնդրել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը․ - «Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում»:

Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես, ասաց․ - «Ես անհանգստացա, երբ որ իմ շատ լավ բարեկամ Թևան Պողոսյանը ներողություն է խնդրել, չգիտես ինչու, Արփինե Հովհաննիսյանից: Ես Թևանին զանգահարեցի, ասեցի՝ Թևան, ներողությունը ինչի՞ համար ես խնդրել»:

Իշխանության ներկայացուցչի վիրավորական խոսքերին արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով․ - «Մարդու արժանապատվությունը վիրավորելը, նսեմացնելը չափազանց վտանգավոր չափերի են հասել։ Մասնավոր կամ ընտանեկան կյանքը թիրախավորելը սկզբունքորեն է անթույլատրելի՝ առանց բացառության, առավել ևս եթե խոսքը կնոջ մասին է»:

Օմբուդսմենի հայտարարությունը ողջունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:

Իշխանության ներկայացուցչին քննադատել են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ - «Դատապարտելի և ծայրահեղ անընդունելի եմ համարում կնոջը քաղաքական գործունեության համար վիրավորելը, ծաղրելը, անձնական կյանքը քննարկման առարկա դարձնելը: Ներողություն եմ խնդրում այս քաղաքական մշակույթի և այս ամենի համար»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նույնպես արձագանքել են: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անընդունելի է համարել քաղաքական քննարկումները անձնական դաշտ տեղափոխելը: Խմբակցությունում Քոչարյանի հարցը չեն քննարկել, բայց Մակունցն անձամբ զրուցել է նրա հետ:

«Այն, ինչ վերաբերում է անձնական տարածքին, անձնական տիրույթին, անձնական դաշտին, չպետք է ուղղակի տեղ ունենա մեր քաղաքական խոսքում: Ուզում եմ նշել, որ ես շատ ուրախ կլինեի իհարկե, որ այն արձագանքը, որը եղավ բոլոր կողմերից, դրսևորվեր անխտիր բոլոր դեպքերում», - հավելեց Մակունցը:

Անդրանիկ Քոչարյանին պաշտպանողներ էլ կան: Նրանք քննադատողներին հիշեցնում են Արփինե Հովհաննիսյանի և նախկին իշխանության ներկայացուցիչների պիտակավորումները ընդդիմախոսների հասցեին, որոնց դեմ այս մասշտաբի ընդվզում չի եղել:

Իշխանական պատգամավորի շուրջ բորբոքված սկանդալը քննադատություններով էլ ավարտվեց: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները Անդրանիկ Քոչարյանի հարցը Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով տեղափոխելու մտադրություն չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG