Մատչելիության հղումներ

«Հիկարի» կենտրոնի «Խաղաղության լապտերներ» ծրագիրը 15 տարեկան է


Հայ-ճապոնական գիտակրթական, մշակութային կապերն ու առնչությունները տարեցտարի է՛լ ավելի են սերտանում, և անժխտելի է «Հիկարի» գիտակրթական, մշակութային կենտրոնի դերը դրանց զարգացման գործում:

Այսօր կենտրոնը նշում է իր «Խաղաղության լապտերներ» ծրագրի հիմնադրման 15-ամյակը: Հենց այս ծրագրի շնորհիվ էլ 2005-ին ստեղծվեց «Հիկարի» կենտրոնը՝ «Գեղագիտության ազգային կենտրոնի» մանկավարժ Կարինե Փիլիպոսյանի նախաձեռնությամբ և ջանքերով:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Փիլիպոսյանը պատմում էր, թե ինչ ոգևորությամբ 15 տարի առաջ Գեղագիտության ազգային կենտրոնի իր սաներն արձագանքեցին Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը ոգեկոչելու իր առաջարկին՝ թղթե կռունկներ պատրաստելով և դրանք ի նշան եղբայրության ու հարազատության Հիրոսիմա ուղարկելով:

«Խաղաղության լապտերներ» ծրագրի առաջին այս ակցիային տարիների ընթացքում հաջորդեցին նաև այլ միջոցառումներ, որոնք էլ հնարավորություն ստեղծեցին էլ ավելի ընդլայնել հայ-ճապոնական մշակութային, հետագայում նաև կրթագիտական կապերը:

«Երբ որ սկսեցինք ծրագիրը, իմ մտքով անգամ չէր անցնում, որ դա լինելու է մեր գործունեության հետագա տարիների ամբողջ իմաստն ու բովանդակությունը: Ճապոնիայում գոյություն ունի այսպիսի մի խորհուրդ․ եթե ունես նվիրական ցանկություն և ծալում ես հազար կռունկ, ցանկությունդ կատարվում է: Եվ գուցե գենետիկորեն ուրիշի ցավին ցավակից լինելը մեր մեջ մնացել է», - ասաց Փիլիպոսյանը:

Բացի այդ, 2007 թվականից այս ծրագրին միացան նաև տասնյակ ու տասնյակ երկրների ներկայացուցիչներ՝ ի նշան բողոքի ընդդեմ պատերազմների և հակամարտությունների դեմ․ - «2007-ին YMCA կազմակերպությունը, որը ամերիկյան կազմակերպություն է, բայց գործում է Հիրոսիմայում, երիտասարդական քրիստոնեական կազմակերպություն է, մեր լապտերների մասին պատմեց նաև տարբեր երկրներում գործող իրենց քույր կազմակերպություններին, և այնտեղից ստացավ լապտերներ: Եվ միջազգային ծրագիրը վերածվեց համաշխարհայինի: Եվ մինչ օրս մենք ամեն տարի ուղարկում ենք լապտերներ»:

Խաղաղասիրական գործունեությունից բացի, «Հիկարի» կենտրոնը մեր հասարակությանը հնարավորություն է տալիս ծանոթանալ ճապոնական ազգային ծեսերի, սովորույթների, ճապոնական ազգային մշակույթի , արվեստի հետ: Կենտրոնում մշտապես տեղի են ունենում նաև համերգներ, երեկոներ ճապոնացի արվեստագետների ու երաժիշտների մասնակցությամբ, բացվում են ցուցահանդեսներ ճապոնացի գեղանկարիչների ու լուսանկարիչների մասնակցությամբ:

Կենտրոն հաճախում նաև երևանաբնակ Կենտո Սուզուկին․ - «Ես սովորել եմ Դիլիջանի միջազգային դպրոցում, ավարտել եմ, և հիմա այստեղ սովորում եմ նվագել դուդուկ»:

Կենտրոնը հիմնանորգվել է 5 տարի առաջ Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով: Այսօր էլ այնտեղ կայացած երեկոյի ժամանակ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յամադան հայտնեց իր երախտագիտությունն ու շեշտեց․ - «Ես մեծ հույս ունեմ, որ նմանատիպ ծրագրերը, որ արդեն 15 տարի է շարունակվում են, խաղաղություն կտարածեն ամբողջ աշխարհում և այն կդարձնեն ավելի լավ տեղ բոլորիս համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG