Փառատոնը մեկնարկեց Ռյազանի պետական դրամատիկական թատրոնի «Ֆաուստ» ներկայացմամբ:
Մինչև փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի մուտքի մոտ հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի մնջախաղային թատերախմբերից մեկը՝ ներկայացնելով Ալեքսեյ Չայնիկովի «Ճանապարհորդություն» ներկայացումը:
Այս տարի «Հայֆեստը» հյուրընկալելու է 34 երկրներից ժամանած մոտ 400 թատերական գործիչների: Երևանյան 18 հարթակներում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կներկայացվի 48 բեմադրություն:
Փառատոնի մեկնարկից առաջ լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանն ընդգծեց, որ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեր թատերասերները հնարավորություն կունենան դիտել ամենատարբեր ներկայացումներ՝ դրամատիկական, երաժշտական, պարային, մանկական, տիկնիկային, կրկեսային, վիզուալ ներկայացումներ, նաև իհարկե բացօթյա ներկայացումներ, որոնք անտարբեր չեն թողնում մեր համաքաղաքացիներին:
Արթուր Ղուկասյանը հիշեցրեց, որ այս տարի «Հայֆեստ» թատերական միջազգային փառատոնն 714 եվրոպական փառատոների շարքում Եվրոպական փառատոնային ասոցիացիայի կողմից ընդգրկվել է 24 լավագույնների շարքում: Մրցանակաբաշխությունը կայացել է բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 26-ին Բրյուսելի Գեղեցիկի արվեստների կենտրոնում:
«Հայֆեստ» թատերական միջազգային 17-րդ փառատոնն այս տարի անցկացվում է «The meaning is now» կամ «Իմաստը ներկայում է» խորագրի ներքո: