2020 թվականին Հայաստանի բյուջեի նախագծով նախատեսվում է աննախադեպ՝ ավելի քան 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ, կամ շուրջ 4 միլիարդ դոլարի ծախս: Եկամուտները մոտ 200 միլիարդ դրամով պակաս կլինեն։ Թե՛ ծախսերը, թե՛ եկամուտը անցած տարվա համեմատությամբ ավելացել են 13 - 14 տոկոսով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասաց. «Ինչպես ծախսը, այնպես էլ եկամուտը, ինչպես դոլարային, այնպես էլ դրամային արտահայտությամբ նախկինում նմանը չի եղել և ասեցի, որովհետև նաև մի պատճառն այն է, որ ամեն տարի էլ ավելի մեծանում է մեր տնտեսությունը, բայց չափազանց կարևոր է այս առումով նաև դիտարկել, որ այստեղ այն բյուջեն է, որտեղ որ ադեն որոշակիորեն ստվերայնության մակարդակը կրճատվել է և դրված է նաև էս ծրագրային ցուցանիշների հիմքում ստվերայնության կրճատումը»։
Հաջորդ տարվա բյուջեով՝ 21 տոկոսով կավելանան առողջապահությանը հատկացվող գումարները, կրթության ոլորտին տրվող ֆինանսավորումը կաճի 15 տոկոսով, իսկ սոցիալական պաշտպանության ոլորտինը՝ 10%-ով:
Ըստ նախագծի, ավելի քան 40%-ով կավելացվեն երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներին բնակարանով ապահովելու համար հատկացվող գումարներն ու կկրկնապատկվի ճանապարհաշինության ֆինանսավորումը: Արտակ Մանուկյանն ասում է՝ այս բյուջեն, մյուսներից տարբերվում է նրանով, որ ավելի ներառական է և այնտեղ ներկայացրած թվերը շոշափելի կլինեն ժողովրդի ավելի լայն շերտերի համար:
«Սա բյուջե է, որում չկան որոշակի կոնկրետ շահեր, այսինքն չկան որոշակի ծախսային ծրագրեր, որոնց արդյունքում որևէ մի կոնկրետ պաշտոնյա կամ մի չինովնիկ օգուտներ է քաղելու։ Սա այն բյուջեն է, որում որ արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված բյուջե է և ակնկալում եմ՝ սա կլինի նաև արդեն ռազմավարական գաղափարների բյուջե», - նշեց Մանուկյանը։
Երեկ կառավարության նիստում հաստատված և հրապարակված բյուջեի նախագծում տնտեսական աճի կանխատեսումներ կան։ 2019-ի համար կառավարությունը համախառն ներքին արդյունքի 6,3 տոկոսանոց աճ է նախատեսում, իսկ 2020 թվականին՝ 4,9 տոկոս: Արտակ Մանուկյանն այս կանխատեսումներն ավելի քան իրատեսական է համարում:
«Եթե մենք դիտարկում ենք, որ շուրջ երեք տոկոսով աշխարհ է աճում և մենք այս ֆոնի վրա որոշակիորեն միջին մեր աճի տեմպը մի փոքր ավելի լավ է, սա, իհարկե, դրական է, բայց չափազանց կարևոր է՝ ի՞նչ պոտենցիալ մենք ունենք և ինչքա՞ն ենք սրա համեմատ աճում։ Այս առումով կարծում եմ, որ մենք էական խնդիրներ ունենք հատկապես տնտեսության արտահանելի ճյուղերը խրախուսելու և դրա միջոցով նաև մեր դիմադրողականությունը էլ ավելի մեծացնելու առումով», - ընդգծեց «Իմ քայլի» պատգամավորը։
«Ազատության» հարցին՝ ներդրումների ծավալն է պահպանվում, նաև գյուղատնտեսությունը շատ աճ չի ցուցաբերում, այստեղ խնդիր տեսնո՞ւմ է, Մանուկայնը պատասխանեց. «Տեսնում եմ և հենց 2020 թվականի միավորումը ակնկալում ենք, որ հենց գյուղատնտեսությունը, որում ներգրավված է մեր հասարակության մի զգալի հատվածը, հենց այս բնագավառում մենք տեսնենք այդ ռազմավարական գաղափարախոսությունները, որով մենք պետք է էլ ավելի մրցունակությունը բարձրացնենք»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանն ասաց՝ նախկինում էլ տնտեսական աճի մասին հայտարարություններ եղել են, ժողովուրդը, սակայն, դրանից հաճախ անմասն է եղել, թե կանխատեսվող տնտեսական աճը որքանո՞վ շոշափելի կլինի՝ ցույց կտա ժամանակը։
«Տնտեսական աճի տենդենցի մասին խոսվել է, հրապարակվել է, որպես բարի լուր ներկայացվել է մեր հասարակությունը, բայց մենք ակնառու ենք դարձել մի փաստի և մի հանգամանքի, որ մեր երկրի քաղաքացիները նախկինում այդ բարձրաձայնած թվերը շոշափելի չեն եղել և տեսանելի ըստ էության չեն եղել, կանխատեսումներով չենք զբաղվի, ապագայում ամեն ինչ պրզ կդառնա», - նշեց ԲՀԿ պատգամավորը։
Էնֆիաջյանն ասում է՝ ավելի մանրամասն ու մասնագիտական կարծիք կհայտնեն, երբ բյուջեի նախագիծը խորհրդարան մտնի, մինչ այդ պետք է ուսումնասիրեն ընդամենը երեկ երեկոյան հրապարակված ծավալուն փաստաթուղթը, սակայն առաջին հայացքից մի հարց է ծագում՝ այս բյուջեի նախագծով ավելանալուն են եկամուտներն ու ծախսերը, սակայն աճելու է նաև պակասուրդը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից փոխանցեցին, որ կարծիք կհայտնեն առաջիկայում՝ բյուջեի նախագծին մանրամասն ծանոթանալուց հետո։