Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի կազմում նոր ստորաբաժանում է ստեղծում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի կազմում նոր ստորաբաժանում է ստեղծում։ Կիբերանվտանգություն, մեքենաշինություն, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն. սրանք այն ոլորտներն են, որոնցում ապագա զինծառայողները հնարավորություն կունենան մասնագիտանալու նոր՝ 19 91 ստորաբաժանման կազմում։

«Մի կողմից այն լինելու է Զինված ուժերի համար շատ կարևոր ստորաբաժանում և կարևոր ֆունկցիաներ է կատարելու կոնկրետ անվտանգային գործառույթների մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների, մյուս կողմից հիմնադրամների միջոցով, որոնց ընթացքում կարող են միանալ նաև մասնագիտացված այլ խոշոր կառույցներ հայաստանյան, տվյալ երիտասարդները կստանան հնարավորություն կրթվելու և դա կլինի շատ մեծ ռազմավարական կրթության հարթակ», - ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նոր ստորաբաժանումը ստեղծվում է պետություն-մասնավոր հատված գործակցությամբ։ Այսօր պաշտպանության նախարարության, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի՝ FAST-ի և «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

«Ծրագիրը կենտրոնացած է լինելու երիտասարդ զինծառայողների ուսուցմանը՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության, մեքենաշինության ոլորտներում՝ նրանց տալով փորձառություն՝ դառնալու էլ ավելի կրթված, էլ ավելի արդյունավետ։ Միևնույն ժամանակ այս ծրագիրը նպաստելու է գիտության զարգացմանը ոչ միայն Զինված ուժերում, այլև ընդհանրապես Հայաստանում», - նշեց «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) տնօրեն Արմեն Օրուջյանը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը թերահավատ է, թե ծրագիրը կհաջողի։ Ասում է՝ ծրագիրն իրականացնող կողմերից մեկը՝ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ը, որն այլ կերպ հայտնի է նաև FAST անվամբ, Հայաստանում բազմաթիվ ներդրումների մասին հայտարարություններ է արել, բայց ոչ մեկն իրականություն չի դարձել։

«Արդեն չորս տարի անցավ, որ նրանք պիտի մեկ 500 միլիոն, մեկ 250 միլիոն Հայաստանի գիտության մեջ ներդրում անեն և դա զրո է։ Դատելով՝ ինչ են ուզում անեն և դատելով մասնակիցներից, համոզված եմ, որ դատարկ գործողություն է, ոնց որ FAST հիմնադրամի բոլոր գործողությունները Հայաստանում և գլամուրային բնույթ է կրում», - ասաց Վարդանյանը։

«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ում Կարեն Վարդանյանի պնդումներին գնահատական չեն տալիս, այլ պարզապես վստահեցնում են՝ այն ներդրումները, որոնց մասին իրենք հայտարարել են, իրականացվել են ճիշտ ժամկետում։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետազոտական նախաձեռնությունների փոխտնօրեն Դավիթ Սարկիսյանը նշեց. «FAST-ը ունի բազմաթիվ ծրագրեր, որ արդեն իրականացրել է։ Իրականացրել ենք այս տարի գիտահետազոտական դրամաշնորհների ծրագիրը, որ ևս մոտ 20 գիտական դրամաշնորհ տրվել է, կատարվել են ներդրումներ հայկական ստարտափերում»։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ ծրագրի մասնակիցների թիվը երեք տարում 300-ի է հասցնելու, այդ ընթացքում նախատեսում են իրականացնել մի քանի գիտահետազոտական նախագիծ, իսկ 5 տարի անց ակնկալում են պատրաստի արտադրանք ունենալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG