Մատչելիության հղումներ

Քաղհասարակության ներկայացուցիչները ակցիա էին կազմակերպել ԲՀՀ հայաստանյան գրասենյակի առաջ


Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հզորացմանն ուղղված ծրագրեր իրականացնող «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի» գրասենյակի առաջ այսօր քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ նարդու ու շախմատի մրցաշարեր էին կազմակերպել:

Այս ակցիայով նրանք հակադարձում էին «ՎԵՏՕ» նախաձեռնությանը, որը նախորդ երեք շաբաթներին գրեթե ամենօրյա ռեժիմով պաշարում էին որպես «Սորոսի գրասենյակ» հայտնի հիմնադրամի մուտքն ու վիրավորական արտահայտություններ հնչեցնում «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի» աշխատակիցների ու այցելուների հասցեին:

Այսօրվա ակցիայի մասնակիցներից ոմանք նույնպես նախորդ օրերին հասցրել են ՎԵՏՕ-ի անդամներից վիրավորանքներ լսել:

Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, որն անցած ուրբաթ թեժ վիճաբանության մեջ էր ընկել ՎԵՏՕ-ականների հետ ասում է՝ այս տարածքն իրենցն է ինչպես բոլորինը և ինչքան ուզի կարող է այստեղ նարդի խաղալ։ Բարսեղյանի գնահատմամբ՝ գրասենյակի առջև շաբաթներ շարունակ տեղի ունեցածը միայն վիրավորանք կամ զրպարտություն չէր:

«Մենք որոշեցինք, ինչպես նախկինում էր՝ Սերժիկի, Ռոբիկների ժամանակներում էր, մենք որոշեցինք պաշտպանել մեր տարածքները այնպես, ինչպես մենք կարող ենք և առայժմ օրենքի շրջանակներում», - ասաց Բարսեղյանը։

«Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» ելումուտ անողների հասցեին օրեր շարունակ վիրավորական արտահայտություններ հնչեցնող ՎԵՏՕ-ի անդամների խոսքով, իրենց նպատակն է հասարակությանը ցույց տալ, թե ովքեր են այնտեղ աշխատում և ովքեր են ֆինանսավորվում միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից: Նրանց պնդմամբ, գրասենյակից ֆինանսավորում ստացողները պետությունը քանդելու նպատակ ունեն, և քարոզչություն են իրականացնում բանակի և եկեղեցու դեմ:

Մինչ քաղհասարակության ներկայացուցիչները գրասենյակի մոտ շախմատ ու նարդի էին խաղում, ՎԵՏՕ-ականները իրենց ամենօրյա ակցիաները դադարեցրել էին: Նրանցից մեկը «Ազատության» փոխանցեց, որ «Սորոսի գրասենյակ» չեն եկել, քանի որ մայրաքաղաքի վարչական շրջաններում իրազեկում են իրենց վաղվա հավաքի մասին: Նրանք, ի դեպ, մինչ հեռանալը հիմնադրամի մուտքի մոտ գրասենյակի աշխատակիցներին և այցելուներին պիտակավորող արտահայտություններ էին թողել:

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ իրավապահներն իրենց բարձրության վրա չեն գտնվել, իրենք էլ որոշել են միջամտել։ Եթե իրենց իրավունքները ոտնահարվեն, համաչափ պատասխան են տալու։

«Մարդուն անձնական, ընտանեկան, հազար ու մի ուրիշ վիրավորանքներ են տալիս, դրա համար պիտի հատուցեն։ Կլինի օրենքով կամ կլինի արդարությամբ կամ բնությամբ, անպայման դա լինելու է», - նշեց Լևոն Բարսեղյանը։

Այդուհանդերձ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ գրասենյակի դիմումի հիման վրա կենտրոնի բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստում։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը նույնպես ՎԵՏՕ-ականներից մի քանի արտահայտություն է լսել, ասում է՝ փորձում են ցույց տալ, թե ինչպես կարելի է առանց վիճաբանության և վիրավորանքների ակցիա անել։

«Նման գործողությունների ժամանակ, երբ որ գործ ունենք հավաքների կամ խոսքի, կարծիքի արտահայտման հետ, շատ կարևոր է նաև բովանդակայինը և երկրորդը, խոսքի ազատության մշակույթը և ընդհանրապես կարծիքի արտահայտման մշակույթը։ Մենք ցույց ենք տալիս, որ կարելի է խոսքը, կարծիքը արտահայտել առանց վիրավորելու, այսինքն դա այն ճանապարհը չի, որ մենք կարող ենք արդյունքի հասնել», - ասաց Արթուր Սաքունցը։

Գրասենյակի դիմաց նարդի էր խաղում նաև իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ըստ նրա, ՎԵՏՕ-ականներից հնչող վիրավորանքներն անթույլատրելի են։

«Կարծում եմ, որ ուղղակի պիտի արգելվի հավաքների անցկացումը այդպիսի վիրավորական վերաբերմունքով, որովհետև փաստորեն սրանք վիրավորանքներ են։ Ես այս վիրավորանքները համարում եմ հասցեագրված անձամբ ինձ, որովհետև ինչ որ գրված է, դա ես համարում եմ, որ ինձ էլ է վերաբերում, որովհետև ես երկար ժամանակ համագործակցում եմ, մեր կազմակերպությունը համագործակցում է «Բաց հասարակության հիմնադրամի հետ», - ընդգծեց Ավետիք Իշխանյանը։

Գրասենյակ էին եկել նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, նրանցից մեկի՝ Մարիա Կարապետյանի գնահատմամբ՝ ՎԵՏՕ-ականների գործողությունները ոտնձգություն են քաղհասարակության հանդեպ։

«Քաղհասարակությունը Հայաստանում տարիներ շարունակ ժողովրդավարության բացակայության ժամանակ եղել է այն դերակատարը, որ ասել է այն, ինչ շատերը լռում էին և չէին կարողանում ասել, և մյուս կողմից սա նաև ոտնձգություն է մարդու իրավունքների օրակարգի նկատմամբ, որովհետև կրկին քաղհասարակությունը այն դերակատարն է եղել, որ տարիներ շարունակ պաշտպանել է մարդու իրավունքները Հայաստանում», - ասաց Կարապետյանը։

ՎԵՏՕ-ի անդամ, «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի գործունեության դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչներից Նարեկ Մալյանի հետ առայժմ կապ հաստատել չի հաջողվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG