Միացյալ Նահանգների Կոնգրեսի դեմոկրատ օրենսդիրները Թրամփի վարչակազմից պահանջում են հրապարակել նաև ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցների ձայնագրությունները:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը NBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե կարևոր է «իմանալ` արդյո՞ք նախագահ Թրամփը մյուս համաշխարհային առաջնորդների հետ զրույցներում, մասնավորապես` Պուտինի, վտանգել է ամերիկյան անվտանգությունը»: «Եթե Պուտինի և այլ համաշխարհային առաջնորդների հետ այդ խոսակցությունները պահվում են նույն գաղտնի պահոցում, որը նախատեսված չէ դրանց համար, այլ գաղտնի գործունեության տվյալների համար է, եթե կան դրանք թաքցնելու և գաղտնի պահելու փորձեր, ապա մենք մտադիր ենք լույս սփռել դրանց վրա», - NBC-ի եթերում հայտարարել է կոնգրեսական Շիֆը:
NBC-ին տված մեկ այլ հարցազրույցում Ադամ Շիֆը հայտնել է, որ իր գլխավորած հանձնաժողովը պայմանավորվածություն է ձեռք բերել հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ով ավելի վաղ ահազանգել էր Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազանգի վերաբերյալ, առաջիկայում հանձնաժողովում ելույթ ունենալու շուրջ:
Թրամփի նախագահության թերևս ամենամեծ այս սկանդալի հիմքում ամերիկյան հատուկ ծառայությունների մի աշխատակցի հնչեցրած ահազանգն է Ամերիկայի և Ուկրաինայի նախագահների հուլիսի 25-ի հեռախոսազրույցի վերաբերյալ: Այս զրույցի ընթացքում Թրամփը խնդրել է Զելենսկուն օգնել՝ հետաքննելու 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցավազքի մեջ մտած Բայդենի և նրա որդու՝ ուկրաինական էներգետիկ ընկերություններից մեկի վարչության անդամ Հանթերի գործունեությունը Ուկրաինայում:
Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը, ում ինքնությունը գաղտնի է պահվում, ծառայողական պարտականությունների շրջանակում լսել է Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցը, որի վերաբերյալ մտահոգություններ է հայտնել գրավոր իր բողոքում և ուղարկել իր ղեկավարությանը: Բողոքի հեղինակին անհանգստացրել է նաև այն փաստը, որը այդ հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են արգելափակել զրույցի ձայնագրությունների՝ այդ թվում պաշտոնական սղագրության հասանելիությունը: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ բողոքի հեղինակը համոզվել է, որ նախագահական աշխատակազմում հասկացել են տեղի ունեցածի լրջությունը:
Սպիտակ տունը, ինչպես խոստացել էր նախագահ Թրամփը, հրապարակել է աղմկահարույց հեռախոսազրույցի բովանդակությունը, սակայն, ինչպես նշված է այդ փաստաթղթում, հրապարակվածը ոչ թե զրույցի սղագրությունն է, այլ զրույցի բովանդակության գրառումը:
Դեմոկրատական ճամբարում պնդում են՝ Թրամփը գերազանցել է պաշտոնեական լիազորությունները, ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի նկատմամբ` սպառնալով սառեցնել այդ երկրին ուղղվելիք ֆինանսական օգնությունը: Դեմոկրատ օրենսդիրների նախաձեռնությամբ՝ Կոնգրեսի միանգամից մի քանի հանձնաժողովներ զուգահեռաբար հետաքննում են այդ հեռախոսազրույցը, որի հետևանքով Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց կարող է նախաձեռնվել:
Իմպիչմենտի լսումների մեկնարկը Թրամփը որակել է որպես «ամերիկյան քաղաքականության պատմության մեջ երբևէ եղած մեծագույն խաբեբայություն»: