Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել Իրանի, Սիրիայի և Իրաքի ԱԳ նախարարների հետ


Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, Նյու Յորք, 27-ը սեպտեմբերի, 2019թ.
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, Նյու Յորք, 27-ը սեպտեմբերի, 2019թ.

Երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը։

Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերությունները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ ընդգծվել է Իրանի հայ համայնքի կարևոր դերը:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձ են կատարել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի, բարձր գնահատել տարբեր մակարդակներում հանդիպումների և շփումների պարբերականությունը: Այս առնչությամբ անդրադարձ է կատարվել Հայաստանում հյուրընկալվելիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի աշխատանքներին և դրանց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությանը:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները միմյանց տեղեկացրել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ դիրքորոշումների և մոտեցումների մասին: Երկուստեք կարևորվել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդումը:

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաև Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմին:

Նախարարներն ընդգծել են հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով հայ համայնքի դերակատարությունը: Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Ալ Մուալեմին սիրիահայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում պատմականորեն ունեցած կապերով և տարածաշրջանում հայ համայնքի ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և փորձում է իր նպաստը բերել խաղաղասիրական նախաձեռնություններին: Այս համատեքստում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ցուցաբերված հումանիտար աջակցությունը և տեղում մարդասիրական առաքելության իրականացումը:

Մնացականյանն ասել է, որ Հայաստանը ողջունում է Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձևավորումը՝ որպես կարևոր քայլ Սիրիայի ժողովրդի համար խաղաղության հստատմանն ուղղված քաղաքական գործընթացի համար։ Նա նաև բարձր է գնահատել դրանում նաև հայ համայնքի ներկայացուցչի ընդգրկումը:

Նույն օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր իրաքցի գործընկերոջը` Մուհամադ Ալի Ալ-Հաքիմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG