Մեծ ոգևորությամբ թողարկված արագացուցչի՝ ցիկլոտրոնի վերաբերյալ հարցերը շարունակվում են։ Նոր Հայաստանի մասին 100 փաստերի շարքում վարչապետ Փաշինյանը խոսեց նաև Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի մասին, որ գործարկվեց այս հուլիսին՝ տեղադրումից 17 տարի անց։
«Հենց դրա համար էի Հայաստան եկել», - ասում է Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր, համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոս Անի Ապրահամյանը, որ այժմ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենն է։
«Պարոն Երիցյանին զանգեցի, ասացի՝ ամոթ է, որ Հայաստանում այսպես մի սարք կա և չի աշխատում, ի՞նչն է պատճառը, ասաց՝ տեր-տիրական չունի, ասացի՝ ես կգամ կաշխատացնեմ», - ասաց Ապրահամյանը։
Վարկերով կառուցված, ապա անգործության մատնված կենտրոնն ու ցիկլոտրոնը սկսեցին աշխատել, արտադրվեց F18 իզոտոպը, այն զտվում, դառնում է պատրաստուկ, որը ներարկում են հիվանդին՝ «Պետսկան» կոչվող սարքով ախտորոշում իրականացնելու համար, սա միակ միջոցն է քաղցկեղը ճշգրտությամբ ախտորոշելու համար։ Կառավարական ոգևորությունը, սակայն, գիտական հանրության մի մասը չէր կիսում։ Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ռուբեն Մկրտչյանն, օրինակ, այդ ամենը համարում էր հեքիաթ ու չիրագործվելիք մի բան։ Վստահ էր՝ Ֆիզիկայի ինստիտուտի գումարներն անտեղի են վատնվում, քաղցկեղի այդ թանկարժեք հետազոտությունը անհասանելի է լինելու մարդկանց համար։
«Քանի տարի չի թողարկվել, որովհետև չկա վճարունակ պահանջ էդ հետազոտման, էդ ախտորոշման։ Դա, ես կասեի, քմահաճույքն էր Ներսես Երիցյանի և Անի Ապրահամյանի», - նշեց Մկրտչյանը։
Ցիկլոտրոնի կարճատև գործարկումը խորացրեց Ֆիզիկայի ինստիտուտի ներսում գիտնականների ու տնօրեն Ապրահամյանի միջև հակասությունը, գիտնականների մի մասը իզոտոպների բժշկական կիրառումը անհեռանկար մի բան է համարում։ Գիտական անհամաձայնություններն այս շաբաթ նաև խորհրդարանական հանձնաժողովում քննարկվեցին, առայժմ լուծումներ չկան։
«Պարոն Մկրտչյանը գոնե ասում է ինչ որ մտածում է, ուրիշները կան, որ չեն ասում, ինձ որևէ բան չեն ասում, բայց անշուշտ հետևից խոսում են, փորձում են ամեն ինչ խանգարել։ Ամբողջ աշխարհի մեջ իմ ասածները հարգվում են՝ Հայաստանից դուրս», - ասաց Ապրահամյանը։
Անի Ապրահամյանը ոչ մի կասկած չունի՝ կենտրոնն աշխատելու է, նրան չի անհանգստացնում նաև այն, որ 6 տարի առաջ նախորդ կառավարությունը պայմանագիր է կնքել օֆշորում՝ Վիրջինյան կղզիներում գրանցված մի ընկերության հետ ու այս կենտրոնը կառավարելու, շահագործելու բացառիկ իրավունքներ տվել։ Պրոֆեսոր Ապրահամյանն ասում է՝ իրենք ծրագիրն ունեն, պարզապես կառավարական նոր որոշումներ են պետք։ «Սա օդից ցրված մի բան չի, շատ լավ ուսումնասիրված, շատ լավ բիզնես պլանով», - ընդգծեց նա։
Ֆիզիկայի ինստիտուտում գործադիրի որոշմանը սպասում են մինչև հոկտեմբերի 15-ը, առայժմ պարզ չէ, թե կենտրոնը ում է հանձնվելու, այս պահին այն Պետգույքի կառավարման կոմիտեի ենթակայության տակ է։ Կառավարությունում կենտրոնի ապագայի վերաբերյալ վերջին քննակման ժամանակ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը մի քանի առաջարկ է ներկայացրել վարչապետին՝ կարող են իզոտոպներ արտադրել միայն իրենց՝ գիտության համար, կարող են կառավարել նաև բժշկական, այսինքն՝ ախտորոշիչ հատվածը։
Անի Ապրահամյանն ասում է՝ եթե մոտ 1000 դոլար գնահատված մեկ ախտորոշիչ հետազոտությունը թանկ է Հայաստանի քաղաքացու համար, թող դրա համար պետությունը վճարի, եթե Առողջապահության նախարարն ինքը լիներ, կաներ այդպես։
«Գնում են ուրիշ երկրներ, անում են, այսինքն՝ վճարում են հազարավոր եվրոներ, դոլարներ, որ ունենան», - ասաց Ապրահամյանը՝ շարունակելով. «Եթե Առողջապահության նախարարությունը ասում է, որ 1000 դոլարը շատ է մի մարդու կյանքը ազատելու, այսինքն՝ ասում է, որ Հայաստանի մեջ աղքատ մարդու կյանքը չարժե 1000 դոլար»։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Խորհուրդ կտամ մասնագետներին զբաղվել իրենց մասնագիտությամբ և ոչ թե խորհուրդներ տալ իրենց մասնագիտությունից դուրս, ինչպես ես, օրինակ, խորհուրդ չեմ տալիս ցածր կամ բարձր ֆիզիկայի մասով, որովհետև չեմ հասկանում դրանից»։
Առողջապահության նախարարը վստահ է՝ կենտրոնի ստեղծման որոշումը ժամանակին լավ հաշվարկված չի եղել, բայց ասում է՝ արդեն ուշ է։
«Պետք է որոշվի այդ 1000 դոլարի աղբյուրը՝ ով է վճարելու, և երկրորդը՝ պետք է բժիշկներն էլ կրթվեն, դա տարիներ կտևի», - ասաց Արսեն Թորոսյանը։
Թորոսյանը նաև չափազանցված է համարում տեսակետը, թե ցիկլոտրոնի գործարկում-իզոտոպի արտադրություն ու պետսկան հետազոտությունը հեղափոխություն է քաղցկեղի հաղթահարման գործում։
«Դա կյանք փրկող և քաղցկեղը վաղ հայտնաբերող հետազոտություն չէ, դա հակառակը՝ քաղցկեղի արդեն տարածված դեպքերի տարածվածության աստիճանը որոշող և բուժման ընթացքում գտնվող անձանց բուժման էֆեկտիվությունը գնահատող մեթոդ է», - նշեց Առողջապահության նախարարը։
«Միջուկային բժշկություն չեք ուզում, կզարգացնենք միջուկային ֆիզիկան», - միջուկային ֆիզիկայի մասնագետ Ապրահամյանը սպասում է կառավարական որոշմանը։ Իսկ ցիկլոտրոնը հիմա չի աշխատում, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչի համար պետք է արտադրվեն այդ իզոտոպները։