Մատչելիության հղումներ

Ամբերդում տրվեց Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը


«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ծրագիրն անցկացվում է յուրաքանչյուր տարի աշնանը՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 երկրներում: Ամեն տարի ծրագիրն անցկացվում է որոշակի խորագրի ներքո, այս տարի խորագիրն է՝ «Արվեստ և ժամանց»:

Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրերի» ծրագրին միացել է 2000 թվականից և ամեն տարի Եվրամիության պատվիրակության և ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ մշակութային ծավալուն ծրագրեր են ներկայացվում մեր համաքաղաքացիներին և Հայաստան այս օրերին ժամանած զբոսաշրջիկներին:

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում հայկական ավելի քան 100 մշակութային հաստատություն այսօր և վաղը ամենատարբեր ծրագրերով կընդունեն այցելուների, հյուրերի, ովքեր հնարավորություն ունեն այս երկու օրերի ընթացքում ոչ միայն պարզապես այցելելու թանգարաններ ու ցուցասրահներ, արգելոց-թանգարաններ և այլ մշակութային հաստատություններ, այլ նաև մասնակցել մշակութային հաստատությունների՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում կազմակերպած բազմաթիվ ծրագրերի:

Ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ այսօր առավոտյան՝ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց. «Շատ կարևոր է, որ դուք շարունակում եք ձեր ժառանգությունը բարձր պահել, ինչպես և բարձր եք պահել բոլոր ժամանակների ընթացքում, անգամ եթե դժվարին են եղել հայ ժողովրդի համար։ Ձեր հուշարձանները, երգը, պարը, մշակութային բոլոր դրսևորումները՝ դրանք կազմում են մեծապես հայ ժողովրդի ինքնությունը և կարևոր են, մենք ուրախ ենք, որ կարողանում ենք սատարել դրա պահպանմանը և ուրախ ենք, որ ունենք համագործակցության շրջանակներ այդ ուղղությամբ»։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ ծրագրեր ունի Եվրամիությունը՝ նպաստելու, սատարելու Հայաստանում մշակույթի զարգացմանը, դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանեց. «Մենք աջակցում ենք նորարական գաղափարների, բացի այդ՝ աջակցում ենք զբոսաշրջության զարգացմանը։ Ես նոր զրույց ունեցա Արագածոտնի մարզպետի հետ և ասացի, որ պատրաստ ենք սատարել զբոսաշրջության ռազմավարության զարգացմանը։ Բացի այդ, մենք սատարում ենք ստեղծարար արդյունաբերությունների ոլորտին, որովհետև եթե նայեք Եվրամիությանը, ապա կտեսնեք, որ այնտեղ դրանք մեծ նշանակություն ունեն, սատարում են տնտեսության զարգացմանը և հավելյալ արժեք են ստեղծում»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծեց. «Այս օրերին Հայաստանի շատ վայրեր վերածվելու են Եվրոպական ժառանգության օրերի միջոցառման շրջանակում էնպիսի վայրերի, որտեղ հավաքվելու են մեր մտավորականները, մեր քաղաքացիները, մեր հյուրերը՝ ծանոթանալու այն ժառանգության հետ, որը մենք ունենք։ Սա լրացուցիչ հնարավորություն է այն հանրահռչակելու, ներկայացնելու որպես մեկ քաղաքակրթության մաս։ Վստահ եմ, որ այս օրերը հաջող են անցնելու, և լավ արդյունքներ ենք ունենալու հաջորդ տարիներին նոր հյուրեր ներգրավելու, նոր մասնագետներ ներգրավելու և նոր գործընկերներ ներգրավելու առումով»։

«Սա հրաշալի օրերի մի շարք է ,և շատ շնորհակալ ենք ընդհանրապես եվրոպական արժեքներին մեզ մոտեցնելու համար իրար, և տարեցտարի մեր հանդիսությունները շատ ավելի ստեղծարար և կրեատիվ են դառնում, շատ ավելի հետաքրքիր։ Այսօր և վաղը այնքան լեցուն ծրագրեր կան Հայաստանի ամեն մի անկյունում, որ մենք մոլորվել ենք, թե ուր պիտի գնանք, որ մեկին պիտի մասնակցենք», - ասաց փոխնախարար Նարինե Թուխիկյանը։

Հավելենք, որ ի թիվս Հայաստանի մշակութային հաստատությունների ներկայացուցիչների, այսօր Ամբերդում էր և ելույթ ունեցավ Էստոնիայից ժամանած «Ֆորա» կամերային երգչախումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG