Մատչելիության հղումներ

«9 հատ կովը մի մարդը չի կարա տանի, տա ադրբեջանցու». անասնագողությունից տուժած ճոճկանցի


Լոռու մարզի Ճոճկան գյուղում վերջին 7 տարիներին 60 գլուխ անասուն կորցրած բնակիչները հույսները կորցրել են, թե իրավապահները մի օր պատասխան կունենան՝ ինչպես են օրը ցերեկով իրենց գյուղի արոտավայրերից անհետացել կովերն ու հայտնվել սարի ետևում գտնվող ադրբեջանական գյուղերում, ինչպես են անասնագողերը կարողացել հատել սահմանապահների կողմից հսկվող հայ - վրացական սահմանը։

«Վայեննուն ենք դիմել, մեր ոստիկանությանն ենք դիմել, Վանաձոր ենք դիմել, Երևան ենք դիմել, ամեն տեղ էլ դիմել ենք, ԱԱԾ-ին ենք դիմել, ամեն տեղ՝ ապարդյուն, ոչ մի բան», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ճոճկանի բնակիչներից Արարատ Ղազարյանը։

Ճոճկանցիներն անցած շաբաթ Լոռու մարզ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ են նամակ հանձնել, որտեղ հատ առ հատ շարադրել են գյուղից կորած կովերի պատմությունն ու խնդրել ուշադրություն դարձնել խնդրին։ Ճոճկանում ընտանիքներ կան, որոնք գողությունների հետևանքով սնանկացել են։

«Հիմա տանը ո՛չ պանիր կա, ո՛չ կաթ կա, պուճուր էրեխեք կան։ Գնում ենք առնում ենք պանիրը», - ասաց ճոճկանցիներից մեկը։

Վերջին դեպքը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 13-ին։ Այդ օրվա նախրապան Ալիկ Հակոբյանը պատմում է, որ 5 ընտանիքի պատկանող 13 կովերը գյուղից քիչ հեռու արոտավայր է տարել։ Բայց 13-ից 9-ը այդպես էլ տուն չեն վերադարձել։ Նախրապանի արոտավայրից հեռանալուց հետո, օրը ցերեկով կովերն անհետացել են։

«Տանելուց հետո կովերը՝ մեկը վերևից դուրս եկավ, երկուսը էն կողմից դուրս եկան, արդեն ցաքուցրիվ։ Դրանից հետո դուրս ենք եկել, ման ենք եկել, աղացել ենք՝ չկա, ապրանքը չկա», - պատմեց Ալիկ Հակոբյանը։

Սարի հակառակ կողմում Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերն են։ Ճոճկանցիները համոզված են, որ ինչպես նախկին անասնագողությունների դեպքում, այս անգամ էլ կովերը սահման են հատել, բայց ոչ առանց ուղեկցողի։ Պնդում են՝ անասունն ինքնուրույն, անծանոթ ճամփով չի գնա։

«9 հատ կովը մի մարդը չի կարա ստիան տանի, որ ադրբեջանցու տա՝ ադրբեջանցին տանի, դա մի քանի հոգի են, որ էս քանի տարի է մեր գյուղը թալանում են», - նշեց Ճոճկան գյուղի մեկ այլ բնակիչ։

Ճոճկանից բացի, հայ-վրացական սահմանի Ջիլիզա և Շամլուղ համայնքներում ևս անցած տարիներին անասնագողությունների տասնյակ դեպքեր են գրանցվել։ Վերջին 4 տարում Ալավերդի քաղաքին միացած Ջիլիզայից 25 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է կորել։ Անցած տարի վարչական ներկայացուցիչ Մհեր Վարդանյանի բոլոր 9 կովերն էին անհետացել։ Այս դեպքում իրավապահները Վրաստանի Մառնեուլի շրջանի Բուրմա գյուղում գտել են ադրբեջանցի կասկածյալ Թահիբ Մահմեդովին, քրեական գործերում նրա անունը հրապարակել՝ որպես սահմանախախտ ու մեղադրանք առաջադրել, բայց ոչ կովերին են ետ բերել, ոչ էլ մեղավորն է պատասխանատվության ենթարկվել։ 9 անասուն կորցրած նախկին գյուղապետն ասում է՝ անձամբ է գնացել կովերի ետևից։

«Հենց կոնկրետ որտեղից է տարվել, հետքերը բոլորը պարզ երևում էր, էնպիսի տեղերով են տարել, որ անասունը առանց միջամտության էդ տեղերով չէր կարող անցնել։ 7-8 կիլոմետր սահմանը տարել են առաջ, նոր սահման են անցկացրել», - պատմեց Վարդանյանը։

Մեծ կորուստ կրած Մհեր Վարդանյանն ասում է՝ կորած կովերի հետքերով կիլոմետրեր է կտրել, հասել մինչև վերջնակետ, սեփական հետաքննության բոլոր տեղեկությունները տրամադրել իրավապահներին, բայց հուսադրող արդյունքի այդպես էլ չի հասել։ Իրավապահները տեղեկացրել են, որ 9 կովերի գողության դեպքով քրեական գործը կասեցվել է։

«Քանի որ այդ անձը հայտնաբերված չի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի, իրանք իրավունք չունեն այդ մարդուն, ասենք, Վրաստանում որոնելու, ասում են, որ դիմել են Վրաստանի իշխանություններին, իրավապահ մարմիններին, որ կարողանան հայտնաբերեն, այդ հարցը պարզեն», - ասաց նախկին գյուղապետը։

Գյուղացիները պնդում են՝ բոլոր անասնագողությունները նույն ձեռագրով են արվում, համոզված են, որ նույն խմբի մասնակցությամբ։ Կասկածներ ունեն, թե անասնագողերը հենց իրենց մեջ հուսալի գործընկեր ունեն. առանց դրա գործը գլուխ չէր գա։ Գյուղում բոլորն իրար կասկածում են։ Ճոճկանցիների համար անգամ գործը տարիներ շարունակ չբացահայտող իրավապահներն են կասկածելի։

«Վայեննին էլ ա, ինձ թվում ա, տեղյակ էդ գործին։ Ես էս տարի գնացել եմ ծնեփակ քաղելու, երեք անգամ գնացել եմ, երեք անգամն էլ վայեննին եկել ա կողքիս կանգնել՝ «էս ի՞նչ բանի ես», բա էդ 9 կովը տարել են, էդ ոնց եղավ բա տենց, 9 կովը հասարակ բան չի։ Էդ ի՞նչ ռիսկով մարդ ա, որ տենց գործ անի, եթե թիկունք չունենա, հնարավոր բան չի», - ընդգծեց ճոճկանցիներից մեկը։

Դատախազությունից հաստատեցին, որ անցած տարի Ջիլիզայի անասնագողության դեպքով հարուցված քրեական գործը, որտեղ նշվում էր սահմանախախտ Թահիբ Մահմեդովի անունը, կասեցվել է։ Այս տարվա հուլիսին Ճոճկանի անասնագողության դեպքով քրեական գործ է հարուցվել գողության հոդվածով։ Դեպքի բացահայտման հարցում պարզված հանգամանքներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG