Մատչելիության հղումներ

Սևանի ձկնապաշարների վերականգման համար ծախսվել է 9 մլրդ դրամ, բայց լճում գրեթե իշխան չկա․ ՊՎԾ


Սևանա լճում իշխան գրեթե չկա, չնայած պետությունն այդ ձկնատեսակի վերականգնման համար 2013-18 թվականների ընթացքում տրամադրել է շուրջ 9 միլիարդ դրամ, պնդում է Պետական վերահսկողական ծառայությունը: Ավելին՝ ըստ ՊՎԾ ուսումնասիրության, 2013 թվականին ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը, որի միակ մասնակիցը Հայաստանի Հանրապետությունն է, խախտումներ է թույլ տվել, որոնց ծավալը կազմում է 3,3 միլիարդ դրամ։

Անարդյունավետ ծախս, միլիոնների արժողությամբ գնումներ, որոնց դիմաց հիմնադրամը ապրանք չի ստացել, կես միլիարդի ձկների ու գույքի կորուստ, ապօրինի վճարված աշխատավարձեր և էլի մի շարք խախտումներ․ ըստ ՊՎԾ-ի՝ այսպես, ըստ էության, ծախսվել է 7 միլիոն դոլար։

Գերատեսչության սոցիալական վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանն «Ազատությանը» որոշ տվյալներ փոխանցեց․ հիմնադրամի ծրագրի համաձայն Սևանա լիճ պետք է լցվեր 4 միլիոն մանրաձուկ, լցվել է նախատեսվածի մեկ քառորդը։ Ծրագիրը Սևանա լճում էնդեմիկ համարվող իշխանի վերականգնումից զատ նաև եկամուտներ էր նախատեսել, 21-16 թվականներին հիմնադրամի եկամուտը պետք է կազմեր ավելի քան 40 միլիարդ դրամ, սակայն հաշվեգրվել է ընդամենը 1,2 միլիարդ դրամ եկամուտ։

«Վերոգրյալ երկու ցուցանիշների զգալի թերակատարումը հիմք է տալիս եզրակացնելու որ ծրագիրը ամբողջությամբ ձախողված է և մենք մեր առաջարկություններում հստակ նշել ենք, որ պետք է նորը մշակվի կառավարության կողմից, քանի որ այն կոնկրետ ձկնատեսակների համար կենսական նշանակություն ունի», - մանրամասնեց ՊՎԾ ներկայացուցիչը:

Չնայած այս ամենին՝ ՊՎԾ-ն գումարների կորուստը վատնում կամ յուրացում չի որակում, գերատեսչության սոցիալական վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանն ասում է՝ դա իրենց գործառույթը չէ: Պաշտոնյայի խոսքով շատ դեպքերում հանցագործությունն այնքան վնաս չի հասցնում պետությանը, որքան այլ խախտումները․ - «Օրինակ՝ ունենք միլիարդից ավելի անարդյունավետ ծախս, իրականացվել են ձեռքբերումներ, կատարվել է շինաշխատանք, բայց գոյացած ակտիվները երբևէ չեն օգտագործվել»:

Հայտնաբերված փաստերով քրեական գործ է հարուցվել հարկերից խուսափելու մասով: «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը համաձայն է՝ բազմաթիվ թերացումներ են ունեցել: - «Հիմնականում կան ցայտնոտային, փնթի աշխատանքի վրիպակներ, հիմնականում էդպիսի բաներ են», - ասում է նա:

Չնայած գումարային մեծ կորստին հիմնադրամի տնօրենն իրենց ծրագիրը հաջողված է համարում՝ մատնանշելով մանրաձկների գործարանը, որն ըստ Մամիկոնյանի՝ ամենախոշորն է տարածաշրջանում, սակայն ընդունում է որ իրենց բաց թողած մանրաձուկը բնապահպանական տեսանկյունից անարդյունավետ է եղել:

«Ըստ էության միայն ձկնագողություն չի, գետերը ցամաքեցնում են, ջրափոսներից բարբարոսաբար հանում են մանրաձուկը: Էս ամենի, ինչպես նաև աղտոտման պատճառով մենք լուրջ խնդիր ունենք, չենք կարող վերականգնել իշխանի պաշարը», - ասում է նա:

Ձկնագողությունը իշխանի վերականգնման խոչընդոտ է համարում նաև Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը․ - «Էսօր ձվադրման ոչ մի ձուկ չի գնում, քանի որ ո՛չ հսկողություն կա գետաբերաններում, երբ ձուկը բարձրանում է ձվադրման, ո՛չ էլ գետերը համապատասխան պայմաններ ունեն ձվադրման համար: Եվ նույնիսկ եթե մի քանի ձուկ հաջողի և բարձրանա գետով, էնտեղ մարդիկ անմիջապես որսում են»:

Գաբրիելյանն ասում է՝ ձկնորսության օրենսդրական կարգավորումները վատը չեն, սակայն չեն աշխատում, որսում են անհամեմատ շատ։

Սևանի մյուս հարստության՝ խեցգետինների պաշարները նույնպես հուսադրող չեն: Մասնագետի խոսքով՝ դրանց անխնա որսի պատճառով խեցգետնի քանակը այս պահին չնչին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG