Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր հրավիրած բացօթյա ասուլիսին հիմնադրամի և ասոցիացիայի ղեկավարները տեղեկացրին, որ համատեղ ուժերով նախաձեռնել են կազմակերպել մի նոր երաժշտական փառատոն, որ կոչվում է Silk Note Festival:
Այն մի նոր երաժշտական մշակույթ է ներմուծելու մեր իրականություն՝ Հայաստան համերգային հյուրախաղերի հրավիրելով այսօր աշխարհում ամենահայտնի ու փնտրված երաժիշտներին:
Այսպես, առաջիկա նոյեմբեր ամսի 6-ին , 8-ին և 10-ին Մարզահամերգային համալիրիում հանդես կգան «Գրեմմի»-ի դափնեկիր, բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար Գինեսի ռեկորդների գրքում գրանցված Jamiroquai խումբը, որն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, The Parov Steler Band խումբը, որը հանդես է եկել ավելի քան 1000 կենդանի կատարումներով, և վիրտուոզ կիթառահար Al Di Meola-ն , որի ցնցող կատարումները երկրպագուներին ստիպել են նրան «Կիթառի արքա» անվանել:
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի շեշտադրմամբ՝ փառատոնը ուղղված է մշակութային տուրիզմի զարգացմանը․ - ««Իմ քայլը» հիմնադրամը արդեն իսկ ունի նմանատիպ փորձ: Դասական երաժշտության ոլորտում մենք նախաձեռնել ենք զարգացման ծրագիր, որի մասին ներկայացրել ենք ձեզ: Ամռանը ստորագրեցինք հուշագիր ութ դասական երաժշտության կոլեկտիվների հետ, և կարծում ենք, առհասարակ մշակութային տուրիզմը Հայաստանի զարգացման, մասնավորապես զբոսաշրջության զարգացման համար բավականին հեռանկարային ուղղություն է՝ հաշվի առնելով Հայաստանի պատմամշակութային արժեքները, մի շարք այլ գործոններ, որոնք Հայաստանը գրավիչ են դարձնում որպես մշակութային զբոսաշրջության ուղղություն: Փառատոները, որոնք գրավում են համաշխարհային հռչակ ունեցող խմբերի, արտիստների, կարող են այս առումով կարևոր խթան հանդիսանալ այս ոլորտը զարգացնելու համար»:
Silk Note փառատոնի տնօրեն Արազ Բաղդասարյանն ասաց․ - «Այս փառատոնը հնարավորություն կտա աշխարհահռչակ երաժիշտների շնորհիվ Հայաստանի վրա հրավիրել միջազգային մամուլի ուշադրությունը և այդ երաժիշտների բրենդը օգտագործելով՝ նաև ներգրավել հազարավոր տուրիստներ մոտակա և ոչ միայն մոտակա երկրներից»:
Հատուկ այս փառատոնի շրջանակներում կայանալիք համերգների համար Հայաստան է բերվում բացառիկ լուսային և ձայնային տեխնիկա, որի նմանը, ըստ բանախոսների, տարածաշրջանում գոյություն չունի։
«Փառատոնը իրականացվում է ամենաբարձր ստանդարտներով, նույնիսկ աստղերի պահանջն է դա եղել, որ համերգը պետք է լինի ինչպես եվրոպական զարգացած երկրներում․ թե՛ լուսային, թե՛ ձայնային, թե՛ տեխնիկական սպասարկման առումով համապատասխանի ամենաբարձր չափանիշներին: Պետք է նշեմ նաև, որ համերգից գեներացված հասույթը ուղղվելու է մարզերում մշակութային կենտրոնների, մշակութային կառույցների զարգացմանը: Մենք ուզում ենք կոչ անել բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են, որ մարզերում մշակութային կառույցները է՛լ ավելի զարգանան և կառավարման ճիշտ մոդելներով աշխատեն, լավ երաժշտություն լսելու ակնկալիքով, լավ համերգի, չտեսնված, չլսված համերգի մասնակցելու առիթը բաց չթողնեն և գնեն տոմսերը, որովհետև ամբողջ հասույթը ուղղվելու է այս գերնպատակի իրականացմանը», - նշեց Արազ Բաղդասարյանը:
«Ազատության» հարցին, թե ինչու է փառատոնը կոչվում Silk Note, Բաղդասարյանը պատասխանեց․ - «Ընդհանրապես մեր բրենդինգի հիմքում, Silk Note փառատոնի հիմքում ընկած են հայկական խազերը, որոնք հանդիսանում են երաժշտության կոդավորման համակարգ, որը ստեղծվել է Հայաստանում դեռևս 8-րդ դարում: 14-րդ դարից սկսած, և վերջնական ձևավորումը 17-րդ դարում է եղել, նոր ստեղծվել են նոտաները, որոնք մենք ճանաչում ենք: Ուզում ենք որպես մեր մշակութային ակունքների ներկայացման միջոց՝ խազերով նույնպես ներկայանանք աշխարհին: Note-ը հենց այդ խազերի արտացոլումն է: Silk-ը մետաքս է նշանակում: Դա երկու իմաստ ունի․ նախ՝ բարձր որակ, երկրորդը, այս փառատոնի միջոցով ուզում ենք Հայաստանը դարձնել մշակութային «Մետաքսի ճանապարհի» կենտրոն»:
Նախապես վճռված է եղել համերգները կազմակերպել «Հրազդան» մարզադաշտում, բայց պարզվել է, որ այդ օրերին ցրտեր են սպասվում, և որոշել են դրանք տեղափոխել մարզահամեգային համալիր:
Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց․ - «Ես ոչ պակաս կարևոր եմ գտնում նաև նոր շունչ և նոր կյանք տալ այս պատմամշակութային ճարտարապետական կոթողին, որը մեր հայերը և պապերը, դուխով ազգ լինելով, կարողացել են այսպիսի բան կառուցել: Եվ մեր պարտքն է այս կոթողը պահել, զարգացնել և նոր շունչ տալ»: