Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին


ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, արխիվ
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, արխիվ

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիականպետ Ալիկ Սարգսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործությունը պարտակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ըստ առաջադրված մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների իրական հանգամանքները թաքցնելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի հանջձնարարությամբ իր աշխատասենյակին կից խորհրդակցությունների սենյակում հրավիրել է խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության բոլոր ծառայությունների կողմից իրականացրած գործողություններին: Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով հիշյալ հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: Խորհրդակցությունից հետո ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձեռնամուխ են եղել հանձնարարությունները կատարելուն:

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, հետին ամսաթվով ստորագրել են կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծված՝ մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Փորձագետների փաստահավաք խմբին և հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին և նրանց հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ:

Բացի այդ, ոստիկանության կողմից կատարված հիշյալ գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու և իրավաչափ ներկայացնելու նպատակով ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր այն մասին, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր կան:

«Վերը նշված գործողությունները դրսևորվել են հետևյալում. Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանն այցելել են Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ և ոստիկանության կողմից 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին «Ազատության» հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել «Տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր: Այնուհետև կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնական կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանի աշխատասենյակում իբրև թե տեղի ունեցած 29.02.2008թ. թվագրված օպերատիվ խորհրդակցության արձանագրությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի կողմից հաստատած 01.03.2008 թվականի «Թատերական» հրապարակում ոստիկանության օպերատիվ ծառայությունների կողմից զննություն անցկացնելու ժամանակ հասարակական կարգի պահպանման միջոցառումների պլանը, ուժերի ու միջոցների հաշվարկի, այդ ընթացքում ոստիկանության այլ ստորաբաժանումների թվաքանակի վերաբերյալ տեղեկանքը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի՝ 29.02.2008թ․ թվագրված զեկուցագիրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի կողմից ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին ուղղված գրությունը, դրան կից 29.02.2008թ․ թվագրված թիվ 5 զեկուցագիրը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանի կողմից ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին ուղղված 29.02.2008 թվականի զեկուցագիրը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի կողմից կայացված «Տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին 29.02.2008թ․ թվագրված որոշումը, նույն վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի կողմից «Տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ Հայկ Միլիտոնյանին 29.02.2008թ․ թվագրմամբ ներկայացված միջնորդությունը», - ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրությունում։:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ՀՀ ՊՆ զինված ուժերի զինծառայողներին Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների և զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը հրապարակում տեսանկարահանվել ու հետագայում տարածվել է համացանցում, Գևորգ Կոստանյանի դրդմամբ այս փաստը քողարկելու նպատակով հորինվել և վարույթն իրականացնող մարմնին ու փաստահավաք խմբին է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի կողմից հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 22-ի թվագրմամբ ստորագրված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող թիվ 313-Ա հրամանը:

Համաձայն նշված հրամանի՝ իբրև ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, նույն ինքը օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի գլխավորությամբ ստեղծվել է ոստիկանության 18 ծառայողներից բաղկացած խումբ, որը տեղակայվել է ոստիկանության զորքերի թիվ N զորամասում և հսկողություն է իրականացրել հիշյալ զորամասի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և ծառայության նկատմամբ: Դա այն դեպքում, երբ 18 հոգանոց խումբ Արթուր Դաստակովի գլխավորությամբ իրականում գոյություն չի ունեցել: ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների՝ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում գտնվելու փաստը քողարկելու նպատակով հորինվել և վարույթն իրականացնող մարմնին ու փաստահավաք խմբին է ներկայացվել կեղծ վարկած, թե իբր ՊՆ պետհամարանիշներով ավտոմեքենաները ոստիկանության զորքերի թիվ N զորամասի անձնակազմին են տեղափոխել ծառայության ընթացքում: Ինչպես նաև ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների և զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը Հանրապետության հրապարակում քողարկելու համար` կատարվել է կեղծ փաստաթղթաշրջանառություն ՊՆ և ՀՀ ոստիկանության ղեկավար կազմերի միջև։

Բացի այդ, 2008 թվականի հուլիսի 2-ից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցությանը պարտակումը կազմակերպելու համար ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, զրուցել ենթակա անձնակազմի հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին:

Գեղամ Պետրոսյանին նաև կարգադրել են հիշյալ հարցերի շուրջ սերտ համագործակցել քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ և կատարել նրա կողմից տրվող հանձնարարությունները՝ այդ մասին նախապես կարգադրելով նաև վերջինիս: Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի կողմից տրված ցուցումները կատարելու ընթացքում Գեղամ Պետրոսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաճախակի հանդիպել է Վահագն Հարությունյանի հետ և նրանցից ստացել հանձնարարություններ: Արդյունքում, սույն քրեական գործով 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Վահագն Հարությունյանը և քննչական խմբի քննիչ Արմեն Հակոբյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանին և հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով:

Բացի այդ, Վահագն Հարությունյանն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիպել է Գեղամ Պետրոսյանի հետ, ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և վերջիններիս կողմից տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով փոխարինելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կազմակերպել է 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կանխման ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից անգնդակ փամփուշտներով հրազեն գործադրելու փաստով արդեն իսկ անցկացված ծառայողական քննության նյութերը։

«Հրահանգել է 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անգնդակ փամփուշտներով հրազեն օգտագործած ծառայողներից վերցնել հիշյալ օրը ծառայության ընթացքում մարտական փամփուշտներ կիրառած լինելու վերաբերյալ տեղեկություններ պարունակող, սակայն իրականությանը չհամապատասխանող զեկուցագրեր և կայացնել դրանց արդյունքում իրականությանը չհամապատասխանող՝ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից ստեղծված իրավիճակում մարտական փամփուշտներով զենքի օգտագործումը §Ոստիկանության զորքերի մասին¦ 1997թ. նոյեմբերի 17-ի ՀՀ օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածների համաձայն իրավաչափ դիտելու մասին վերջնական որոշում», - ասված է հաղորդագրությունում։

Միաժամանակ Վահագն Հարությունյանը քննչական խմբի առանձին քննիչների հրահանգել է հրազեն կիրառած հիշյալ ծառայողների անվամբ քրեական գործում առկա որպես վկա հարցաքննության արձանագրությունները փոխել և վերջիններիս տվյալներով համակարգչային եղանակով խմբագրել 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ծառայության ընթացքում մարտական փամփուշտներ կիրառելու վերաբերյալ տեղեկություններ պարունակող, սակայն իրականությանը չհամապատասխանող նոր ցուցմունքներ, որոնցով կոծկվել է զինված ուժերի կողմից զենքի գործադրումը և քրեական գործի նյութերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը:

Հոտուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով, Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործությունը՝ սահմանադրական կարգի տապալումը պարտակելու դիտավորությամբ, 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին «Ազատության» հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, խաղաղ ցույցը ցրելուն ուղղված ոստիկանության գործողություններին օրինական տեսք տալու և դեռևս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ՀՀ ՊՆ զինված ուժերի զինծառայողներին Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների և զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը հրապարակում քողարկելու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կազմված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթերի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի և Փորձագետների փաստահավաք խմբի կողմից գրավոր արված հարցադրումներին պաշտոնական պարզաբանումներ տալու համար կատարել է պաշտոնեական կեղծիքներ և տրամադրել վերոնշյալ պաշտոնական կեղծ փաստաթղթերը:

«Այսպես՝ Փորձագետների փաստահավաք խմբի 17.11.2008թ. և 10.12.2008թ., ինչպես նաև <<2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների և դրանց ծնող պատճառների ուսումնասիրության>> Ժամանակավոր հանձնաժողովի 25.06.2008թ., 23.07.2008թ. և 23.10.2008թ. գրություններով արված հարցադրումներին 24.11.2008թ., 14.07.2008թ., 12.08.2008թ. և 18.12.2008թ. համապատասխան գրություններով վերջիններիս է տրամադրել 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության պաշտոնական պարզաբանումները և դրանք հիմնավորող, ՀՀ ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հետին ամսաթվերով կազմված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթերը: Այդ փաստաթղթերի համաձայն՝ իբրև 28.02.2008թ. ազգային անվտանգության ծառայությունից գրությամբ և 29.02.2008թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ ծառայություններից, քրեական հետախուզության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչություններից զեկուցագրերով տեղեկություններ են հաղորդվել <<Թատերական>> հրապարակում գտնվող ցուցարարներին հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր և մահակներ բաժանելու վերաբերյալ, որի կապակցությամբ ոստիկանության կողմից կատարվել են նախապատրաստական աշխատանքներ/ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի մոտ 2008 թվականի փետրվարի 29-ին կայացած օպերատիվ խորհրդակցություն, միջոցառումների պլանի կազմում, հասարակական կարգի պահպանմանը ներգրավվող ուժերի հաշվարկ/ և 01.03.2008թ. վերը նշված հրապարակում իրականացվել է <<Տեղանքի հետազոտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառում: Ալիկ Սարգսյանը նաև կեղծ տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի կողմից կիրառվել է մարտական լուսածիրային 5,45մմ տրամաչափի 1405 հատ փամփուշտ», - տեղեկացնում է ՀՔԾ-ն:

Բացի այդ, Ալիկ Սարգսյանը Փորձագետների փաստահավաք խմբի 2008 թվականի հեկտոմբերի 26-ի գրությանը 2008 թվակաին հունվարի 18-ի գրությամբ հայտնել է, թե իբր մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից ելնելով անհրաժեշտություն է առաջացել ներգրավել լրացուցիչ ոստիկանական ուժեր, որոնց տեղաբաշխումն օպերատիվորեն իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրվել է անձնակազմ տեղափոխելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ՝ իրենց վարորդներով:

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի կողմից Ժամանակավոր հանձնաժողովին և Փորձագետների փաստահավաք խմբին տրամադրված` իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը և պաշտոնական պարզաբանումները տրամադրելուց հետո Գևորգ Կոստանյանի ցուցումով ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ Փորձագետների փաստահավաք խմբին հայտնել են ՀՀ ոստիկանության կողմից վերջինիս տրամադրված կեղծ պաշտոնական փաստաթղթերին և պարզաբանումներին համահունչ տվյալներ, որից հետո հիշյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են հիշյալ կեղծ պաշտոնական փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ:

Նման եղանակով Ալիկ Սարգսյանը, մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը շարունակելով զբաղեցնել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն տրված լիազորությունների շրջանակում ի թիվս այլոց՝ ունենալով անձամբ և ոստիկանության աշխատակիցների միջոցով առանձնապես ծանր հանցագործությունները և այն կատարած անձանց ու հանցագործության հետքերը հայտնաբերելու, ամրապնդելու և հանցագործությունը բացահայտելու, այդ նպատակով համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ ձեռնարկելու պարտականություն և ղեկավարելով ոստիկանության աշխատակիցների գործողությունները, միասնական դիտավորությամբ, խմբային շահերից ելնելով, չի կատարել իր հիշյալ պարտականությունները, դրա փոխարեն պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ՝ խեղաթյուրել է կատարված հանցագործությունների բացահայտման համար նշանակություն ունեցող հանգամանքները, կատարած ապօրինի գործողություններով հնարավորինս ապահովել է Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման իրական հանգամանքների մասին տվյալների ձեռք բերման բացառումը, որոնց արդյունքում խախտվել է արդարադատության մարմինների նորմալ գործունեությունը:

Ըստ ՀՔԾ-ի՝ այս գործողությունները հեղինակազրկվել են ՀՀ ոստիկանությունը, խոչընդոտներ են ստեղծվել առանձնապես ծանր հանցագործությունների՝ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG