ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը Իրանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է Հայաստանի սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական փորձը:
Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Շ.Ս.-ի ուղեբեռը: Արդյունքում, ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նրա ճամփորդական պայուսակում ներկառուցված կողամասում հայտնաբերվել է 5,5 կիլոգրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով՝ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, Իրանի քաղաքացին կալանավորվել է: