Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք: Երկու անձ ձերբակալվել է, երրորդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, ՀՀ մի խումբ քաղաքացիներ, գալով նախնական համաձայնության, ոսկերչությամբ զբաղվող անձանց միջոցով պատրաստել են ոսկեպատ արծաթե համաձուլվածքներ՝ ոսկու ձուլակտորների նմանողությամբ, և նախաձեռնել դրանց իրացումը:
«Մասնավորապես՝ 2019թ. սեպտեմբերի 8-ին նշված կեղծ ձուլակտորներից շուրջ 0.5 կգ-ը խաբեությամբ վաճառել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն՝ վերջինիցս ստանալով 9 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այնուհետև, սեպտեմբերի 23-ին, նշված անձինք փորձել են նույն քաղաքացուն իրացնել ևս 1.5 կգ կեղծ ոսկուձուլակտորներ՝ 27.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, սակայն գործարքն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո առերևույթ հանցագործություն կատարած անձինք բռնվել և բերման են ենթարկվել», - նշված է հաղորդագրությունում։
Վերջիններս նաև կեղծ ոսկու ձուլակտորներ են գրավադրել հայաստանյան բանկերից մեկում՝ դրա դիմաց ստանալով գումար:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով: