Այս տարի փառատոնն անցնելու է «Իմաստը ներկայում է» խորագրի ներքո: Սրանք, ինչպես այսօր հրավիրած ասուլիսին նշեցին փառատոնի կազմակերպիչներ թատերական մեծանուն ռեժիսոր, այսօր արդեն 90-ամյա Պիտեր Բրուկի խոսքերն են:
«Հայֆեստի» հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանը ներկայացրեց այն մեծ ծրագիրը, որը նախապատրաստել են այս տարվա փառատոնի շրջանակներում․ - «Մենք կունենանք ըստ ավանդույթի իրանական ծրագիր, բնականաբար հայկական ծրագիր: Առանձին ծրագրերից ուզում եմ նշել ամերիկյան ծրագիրը, որը ժամանակակից պար է ներկայացնում, Նյու Յորքի երեք հեղինակավոր խումբ այստեղ կլինի: Դա հատուկ ծրագիր է Միացյալ Նահանգների դեսպանատան հետ: Բնականաբար, կանցկացվեն վարպետության դասեր: «Գյոթե» ինստիտուտի հետ շարունակում ենք համագործակցությունը: Մենք կունենանք երկու կոնֆերանս: Մեկը ամերիկացիների հետ միասին՝ ժամանակակից արվեստը անսահման է, արվեստը անսահման է, թատրոնը անսահման է, մոտավորապես այսպիսի խորագրով: Թատերական նոր միտումներ, զարգացումներ․ Թատերական ինստիտուտի հետ կանենք»:
Ավելի քան 300 ներկայացուցիչ 24 երկրներից՝ հեղինակավոր արվեստագետներ, թատերագետներ, արտմենեջերներ և միջազգային փառատոների նախագահներ են ժամանում Հայաստան: Եվ իհարկե ամենտարբեր թատերախմբեր են փառատոնի հյուրերի ցանկում:
«Հայֆեստի» յոթ օրերի ընթացքում երևանյան 14 բեմահարթակներում մեր թատերասերները կարող են ավելի քան 45 ներկայացում դիտել: Փառատոնի ընթացքում, ինչպես միշտ, տեղի կունենան նաև բացօթյա ներկայացումներ: Հենց այդպիսի մի բացօթյա ներկայացմամբ էլ հոկտեմբերի 1-ին Հակոբ Պարոնյանի երաժշտական կոմեդիայի թատրոնի մուտքի մոտ կազդարարվի «Հայֆեստի» մեկնարկը, իսկ արդեն փառատոնի բացման ներկայացումը կկայանա Պարոնյանի թատրոնի բեմում:
«Բացումը մեզ մոտ կլինի Պարոնյան թատրոնում ամսի 1-ին հոկտեմբերի, ժամը 19-ն անց 30-ին՝ «Ֆաուստ» ներկայացումը Ռուսաստանից՝ Ռյազանի դրամատիկական թատրոնի: Ես չէի պատկերացնում, որ իրենք ունեն լավ թատրոն և լավ շենք՝ գերհագեցած տեխնիկապես, և տաղանդավոր կազմ», - նշեց Ղուկասյանը:
Մեր թատերասերներն այս տարի ևս հնարավորություն կունենան դիտել թե՛ դրամատիկական, թե՛ երաժշտական , թե՛ պարային, նաև տիկնիկային ներկայացումներ, թե՛ մոնոներկայացումներ, նաև վիզուալ, կրկեսային ու մանկական բացօթյա ներկայացումներ:
«Դրա համար մենք մտածեցիք, որ մեր կարգախոսը լինի՝ փնտրում եք իմա՞ստ, իմաստը ներկայում է: Եկեք «Հայֆեստի» ներկայացումներին, ընդհանրապես հաճախեք թատրոն», - կոչ արեց փառատոնի նախագահը:
«Հայֆեստը» միշտ թատերական աշխուժություն է առաջացնում մեր մայրաքաղաքում:
«Ազատության» հարցին, թե ի վերջո այս տարիների ընթացքում ի՞նչ ազդեցություն է ունեցել փառատոնը մեր թատերական կյանքի զարգացման գործում, արդյո՞ք մեր թատրոնների դերասաններն ու ռեժիսորները դիտում են դրսից բերված ներկայացումները, Արթուր Ղուկասյան պատասխանեց․ - «Իմ կարծիքով, դա մնում է անփոփոխ: Այսինքն՝ ով գալիս էր, նա գալիս է, ով չէր գալիս, նա չի գալիս: Նույն մարդկանց ենք տեսնում: Այն մարդիկ, ովքեր ուզում են զարգանալ, պետք օգտագործեն յուրաքանչյուր հնարավորություն դրա համար»: