Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայող Ռամին Աբդուրախմանովի մահը, հայտնում է «Թուրան» գործակալությունը: Ըստ ադրբեջանական կողմի՝ զինվորը մոլորվել է և սպանվել հայկական ուժերի կողմից չեզոք գոտում:
Մինչդեռ հայկական կողմը ավելի վաղ հաղորդել էր ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, որը, ըստ Ղարաբաղի պաշտպանության նախարարության, ձախողվել էր:
«Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ», - ասված է Պաշտպանության Բանակի (ՊԲ) մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: - «ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել»:
Դիվերսիայի փորձի մասին տեղեկությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է, սակայն Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:
Ադրբեջանական կողմը նաև հայտնում է, որ զինվորի մարմինը չեզոք գոտուց դուրս բերելու համար դիմել է Միջազգային Կարմիր խաչի կոմիտեին: