Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի ձախողման մասին:
«Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ», - ասված է ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: - «ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել»:
Ադրբեջանական աղբյուրներում միջադեպի մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում:
ՊԲ մամուլի ծառայությունը նշել է, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից: