Մատչելիության հղումներ

SAR-Gallery պատկերասահը արվեստասերներին է ներկայացնում հայ դասական կերպարվեստի լավագույն նմուշներ


Մեկ տարի առաջ Երևանի Պարոնյան 15 հասցում բացվեց SAR-Gallery պատկերասրահը, որը Մոսկվայում գտնվող համանուն պատկերասրահի մասնաճյուղն է: Պատկերասրահը մասնավոր հարուստ հավաքածու ունի և պարբերաբար արվեստասերներին է ներկայացնում հայ դասական կերպարվեստի լավագույն նմուշներ:

«Ազատության» հետ զրույցում պատկերասրահի տնօրեն Արմինե Սահակյանն ասաց․ - «Հիմա էս պահին Արարատի մարզի գյուղ Տափերականում մշակույթի տանը ներկայացվում է մեր կոլեկցիան, և այսպիսով SAR-Gallery-ն փորձում է մշակույթի ապակենտրոնացում իրականացնել, այսինքն՝ ամեն ինչը չէ, որ պետք է կազմակերպվի Երևանում, և մենք որոշեցինք առաջինը հենց Տափերական գյուղից սկսել: Մշակույթի տանը էս պահին ներկայացվում են մեր մեծերի աշխատանքները, որոշ աշխատանքներ հատուկ տվյալ ցուցահանդեսի համար բերվեցին Ռուսաստանից՝ Մինասի աշխատանքներից է ներկայացվում, Իսաբեկյան, Արծրունյան, Ասլամազյան, Գայանե Խաչատուրյան և էլի շատ-շատերը»:

Այս նորաբաց պատկերասրահը, որի մուտքն, ի դեպ, անվճար է, իր նորանոր ցուցադրություններով չի կարող անտարբեր թողնել հանդիսատեսին: Այս պահին այնտեղ ցուցադրվում են վրացահայ անվանի գեղանկարիչ Լև Բայախչևի ստեղծագործությունները՝ դիմապատկերներ, բնանկարներ, նատյուրմորտներ և հին Թբիլիսին պատկերող չափազանց ուշագրավ կտավներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում:

Լև Բայախչևը ծնվել և ապրել է Թբիլիսիում 1930-ից մինչև 1992 թվականը, մասնագիտական կրթությունը ստացել է Լենինգրադում, հետո վերադարձել ծննդավայր և մինչև կյանքի վերջն ապրել այնտեղ: Երևան երեք անգամ է այցելել, մտերիմ է եղել իր ժամանակի թե՛ հայ, թե՛ վրացի գեղանկարիչներից շատերի հետ: Նրա մահից հետո Հենրիկ Իգիթյանն է կամեցել անպայման նախաձեռնել Երևանում նրա անհատական ցուցահանդեսի բացումը, որն այդպես էլ չի հաջողվել՝ այն ժամանակ Հայաստանի սահմանամերձ շրջաններում լարված իրավիճակի, տրանսպորտի բացակայության պատճառով: Եվ ահա մեր արվեստասերներն այս օրերին հնարավորություն ունեն վերջապես ծանոթանալ Վրաստանում չափազանց հայտնի այս գեղանկարչի աշխատանքներին: Հավելենք, որ Լև Բայախչևի ստեղծագործությունները ներկայացված են Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Արգենտինայի, Հունաստանի, Գերմանիայի և այլ երկրների պատկերասրահներում ու ժամանակակից արվեստի թանգարաններում:

Ինչպես շեշտում էր SAR-Gallery պատկերասրահի տնօրեն Արմինե Սահակյանը, «վրաց վաստակավոր նկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի վրաց գեղանկարչության լավագույն դեմքերից մեկն է ինքը եղել, բայց ազգությամբ հայ է և մինչև այսօր չի ներկայացվել Հայաստանում, առաջին անգամ սեպտեմբերի 7-ին՝ իր ծննդյան 89-ամյակին բացվեց այս ցուցահանդեսը»:

Ներկայացված աշխատանքների մի մասը, ըստ Սահակյանի, SAR-Gallery պատկերասրահի հավաքածուից են, մյուս մասը տրամադրել է Վրաստանում Լև Բայախչևի տուն-թանգարանը: «Կշարունակվի մոտավորապես մինչև ամսվա վերջ: Ստեղծագործական շրջանը 20-րդ դարի երկրորդ կես է ընկնում», - ասաց պատկերասրահի տնօրենը՝ հավելելով․ - «Մոտ 30 աշխատանք է ներկայացված, որի կեսը՝ 15 աշխատանք, մեր SAR-Gallery-ի հավաքածուի մաս է կազմում, մյուսը տրամադրվել է թանգարանի կողմից իրենց»:

Առաջիկայում ևս նորաբաց այս պատկերասրահը արվեստասերներին կներկայացնի նոր ցուցադրություններ: «Հիմնականում ներկայացնում ենք հայ կլասիկ նկարիչների աշխատանքներ՝ մեր մեծերը, դասական արվեստ», - ասաց Արմինե Սահակյանը:

Նա հայտնեց, որ Մոսկվայում պատկերասրահը հիմնադրվել է մոտ երկու տարի առաջ: «Բայց հիմա արդեն ամբողջովին տեղափոխվում ենք Հայաստան, մեր կոլեկցիան, որը ժամանակի ընթացքում ոչ միայն Ռուսաստանից՝ ամբողջ աշխարհից հավաքվել է, ձևավորվել է մեզ մոտ, տեղափոխենք երկիր: Քանի որ շատ աշխատանքներ կան, որոնք ազգային արժեք են ներկայացնում, բայց ժամանակին ինչ-ինչ պատճառներով գնվել ու դուրս է հանվել երկրից: Շատ-շատ մեծ անուններ ունենք», - նշեց Սահակյանը՝ շարունակելով․ - «Էնտեղ ներկայացրել ենք տվյալ աշխատանքները, բայց ներկայացվելու հետ զուգահեռ՝ էդ աշխատանքները պետք է գտնվեն մե՛ր երկրում: Դա մեր խնդիրն է՝ յուրաքանչյուր պետություն ունի, ազգային արժեքները դեպի երկիր վերադարձնելու քաղաքականություն են վարում շատ երկրներ, բայց Հայաստանում դա դեռ զարգացած չի: SAR-Gallery-ն իր ուժերով փորձում է այդ ամենը անել: Օրինակ, մենք ունենք Իսաբեկյանի աշխատանքներից՝ 1941 թվական, որը մենք ձեռք ենք բերել Կանադայից, և տվյալ աշխատանքի 1950 թվականինը գտնվում է Ազգային պատկերասրահում: Հիմա 41 թվականինը հետ է վերադարձվել երկիր՝ որպես ազգային արժեք, և այն կարելի է դիտել SAR-Gallery պատկերասրահում»:

«Մենք նոր պատկերասրահ ենք, դեռ շատ-շատերը չգիտեն մեր մասին, բայց արդեն քիչ-քիչ զգում ենք, որ հետաքրքրություն առաջանում է՝ դեպի արվեստը, դեպի մշակույթը և դեպի SAR-Gallery-ն», - ասաց պատկերասրահի տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG