Մատչելիության հղումներ

Նարինե Աբգարյանի վիպակի հիման վրա Հայաստանում ֆիլմ է նկարահանվելու


25 տարուց ավելի՝ 1993 թվականից Մոսկվայում բնակվող, ծնունդով տավուշցի Նարինե Աբգարյանը 2010-ին ռուսերեն հրատարակած իր հենց առաջին՝ «Մանյունյա» գրքով ոչ միայն հայտնի, այլև Ռուսաստանի գրական հեղինակավոր մրցանակներից մեկի դափնեկիրը դարձավ:

Հրատարակվելուց հետո միայն առաջին երկու տարում գիրքը վաճառվեց 200 հազար օրինակով, թարգմանվեց ու հրատարակվեց նաև այլ լեզուներով: Մեկը մյուսին հաջորդած գրքերը թե՛ Ռուսաստանում, թե՛ այլ երկրներում, նաև Հայաստանում իհարկե, դարձան բեստսելլեր և մեծ հաջողություն բերեցին հեղինակին, ով ամբողջությամբ գերեց ընթեցողին իր ազնիվ, անկեղծ ու անմիջական պատմություններով:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ վերջին 5 տարիներին Մոսկվայում բնակվող և արդեն իսկ 45 ֆիլմի հեղինակ Հայկ Օրդյանը հոկտեմբերի սկզբից կսկսի Նարինե Աբգարյանի երեք տարի առաջ հրատարակած «Զուլալի» խորագրով գրքի հիման վրա ֆիլմի նկարահանումները:

Այսօր տեղի ունեցած այս նախագծի շնորհանդեսին մեր զրույցի ընթացքում ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչպես ծագեց այս գործի էկրանավորման գաղափարը, Հայկ Օրդյանը շեշտեց․ - «Միանգամից կարդալուց հետո: Դա մոտավորապես չորս տարի առաջ էր: Նարինեի հետ հանդիպեցինք իր գրքի շնորհանդեսին, կարդացի գիրքը և սկսեցի շատ երկար ապրել այդ գրքով: Եվ հասկացա, որ սա հենց այն ստեղծագործությունն է, որ պիտի ես նկարահանեմ: Որովհետև մինչ այդ ես երկար էի փնտրում գրական ստեղծագործություն, որը կուզեի նկարահանել: Սա այն աշխատանքն է, որ ես միանգամից ասացի՝ վե՛րջ, սկսում ենք»:

«Այս նյութը շատ ինձ մոտ է մտածելակերպի, աշխարհահայացքի, աշխարհընկալման առումով», - շարունակեց Օրդյանը: - «Որովհետև ես էլ եմ Տավուշից, և մանուկ հասակից այն միջավայրը, որ Նարինեն նկարագրում է այս պատմվածքում, ես դա տեսել եմ: Եվ նույնիսկ այն մարդիկ, ովքեր կան այս պատմվածքի մեջ, ես նրանց ճանաչում եմ: Նրանք իմն են, իմ հերոսներն են: Ուղղակի Նարինեն վերցրել և իր տեղերն է դրել»:

Ֆիլմի նկարահանումները, նրա փոխանցմամբ, տեղի են ունենալու Տավուշում․ - «Հիմնական հերոսներին մարմնավորելու են դերասանները: Ունենք մեկ դերասան Վրաստանից, Միխայիլ Գոմիաշվիլին է, իսկ մնացածը Հայաստանից են: Եվ փոքրիկը՝ Նազարոսը հենց Տավուշից է, ընտրել ենք 62 երեխայից Արտյոմ Մելիքյանին, և վստահ եմ, նա հրաշալի ապագա է ունենալու կինոյում»:

Նարինե Աբգարյանը ևս համոզված է, որ իր վիպակի հիման վրա նկարահանվելիք ֆիլմը անտարբեր չւ թողնի հանդիսատեսին․ - «Քանի որ և՛ ռեժիսորը, և՛ պրոդյուսերը, և՛ դերասանները նվիրվածությամբ են վերաբերվում այդ ստեղծագործությանը և յուրաքանչյուրը համոզված է, որ ամեն ինչ պետք է շատ լավ ստացվի: Այդ համոզվածությունը, բնականաբար, ես էլ ունեմ»:

Հարցին, թե ինչի վրա է աշխատում, Աբգարյանը պատասխանեց․ - «Հերթական պատմությունս նորից Հայաստանի մասին է: Շատ էի ուզում Հայաստանի մասին չլինի, բայց չստացվեց: Երևի տենց էլ մնալու եմ ռեգիոնալ այդ փոքրիկ սահմաններում»:

«Հիմա, որ թարգմանվում եմ, գալիս եմ արտասահման և տեսնում եմ Բուլղարիայում, Իտալիայում, Լատվիայում, Էստոնիայում ինչ հետաքրքրվածությամբ են իմ գրքերը կարդում, և ամեն մեկը հարցնում է՝ ձեր Հայաստանը նենցն ա, ոնց որ Դո՞ւք ես գրում: Իհարկե, ես ուզում եմ այնպես ներկայացնեմ Հայաստանը, որ մարդիկ գան, սիրեն»:

Ի դեպ, սցենարի հեղինակը Նարինե Աբգարյանը չէ, այլ Աստղիկ Սիմոնյանը։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Արսեն Իսկանդարյանն այսօր շնորհանդեսին կոչ արեց որոշակի կարողության տեր անձանց հնարավորության դեպքում աջակցել ֆիլմի նկարահանման աշխատանքներին՝ նշելով , որ հեղինակի ծննդավայրում, որտեղ պիտի տեղի ունենան նկարահանումները բոլորը պատրաստակամություն են հայտնել այս կամ այն ձևով աջակցել նկարահանող խմբին: Եվ սա, ասաց, միայն Հայաստանում կարող է տեղի ունենալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG