Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցը կմեկնարկի Լոս Անջելեսից. կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, Փաշինյանը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Հայաստանի կառավարության ղեկավարը նաև հանդիպումներ կունենա Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է գործարար համաժողով, որին կմասնակցեն տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
Լոս Անջելեսից վարչապետը կայցելի Սան Խոսե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայազգի մասնագետների հետ:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան:
Հայաստանի վարչապետի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում են համագործակցության մասին հուշագրերի ստորագրում: