Մատչելիության հղումներ

Վարչապետը խոստանում է, որ ամեն ամսվա հետ փոփոխությունների արդյունքները ավելի շոշափելի ու տեսանելի են լինելու


Այսօր ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվեց Արթուր Վանեցյանը։ Այդ մասին նախ իր մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հրապարակվեց նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:

«Դա տեղի է ունեցել, կարելի է ասել, մի քանի քննարկումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ և փոխադարձ համաձայնությամբ», - Վանաձորում հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: - «Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա»:

Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց, որում մի քանի անկարկներ կային։ Նա ըստ էության քննադատել է իշխանության գործելաոճը, սթափության կոչ արել և նշել, թե իր համար «հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»։

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», - իր հայտարարության մեջ ասել է ԱԱԾ-ի պաշտոնաթող ղեկավարը:

Ասուլիսի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան անդրադառնալով այդ հայտարարությանը՝ վարչապետն ասաց, թե Վանեցյանի հայտարարությունն իր համար անակնկալ էր․ - «Ես ասում եմ պաշտոնապես, որ էս ընթացքում չի եղել մի դեպք, երբ որ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ, չի՛ եղել մի դեպք, այսինքն՝ ինձ համար հասկանալի չէ, ինչի մասին է նա ասում հիմա: Հրաժարականի պատճառը այն է, որ, ես չուզեցի ավելի սուր ձևակերպեմ, ասացի՝ փոխադարձ համաձայնությամբ: Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել նրա հետ, որի արդյունքում ինքը դիմում ա գրել»:

Վարչապետն ասուլիսի ընթացքում անդրադառնալով պետությանը հասցված վնասի հետ կապված քրեական գործերն ու այդ վնասի վերականգնման դինամիկան իրեն չեն գոհացնում:

«Բայց արձանագրում ենք այն, ինչ կա, և պետք է աշխատել այս ուղղությամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ - «Հանրությունն ասում ա՝ բա թալանածը ինչի՞ չեք հետ բերում: Ճիշտ ա ասում: Չէ, հետ բերում ենք, բայց ինչի՞ բավարար տեմպերով հետ չենք բերում: Որովհետև էդ կոռուպցիոն համակարգը որ ստեղծվել ա, հո նե՞նց չի ստեղծվել, ինքը իրա համար լիքը օրենքներ ու սահմանափակումներ ա չէ՞ դրել, որ դուք, որպես լրագրող, մենք բոլորս չկարողանանք հասանելիություն ունենանք և ամբողջական պատկեր տեսնենք: Բա որ ասում էին՝ բա Սաշիկի փողերը ո՞ւր ա, որի մասին ասում էինք: Չնայած էս վերջերս իրադարձություններ են ի հայտ գալիս, ես գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա: Կոռումպացված փողերը մինչև վերջին կոպեկը հետ են բերվելու Հայաստանի պետական բյուջե»:

Ինչ վերաբերում է դատական բարեփոխումներին, ապա վարչապետն այդ գործընթացը հրատապ որակեց։ Ասաց, որ առաջիկայում հակակոռուպցիոն մարմիններ կստեղծվեն, որոնք կզբաղվեն դատավորների ու նաև մյուս պաշտոնյաների գույքային և մասնագիտական կարողությունների գնահատմամբ․ - «Հայաստանի Հանրապետությանը ամենաապիկար վտանգները սպառնում են Հայաստանի դատական համակարգից: Բայց այնուամենայնիվ, շատ լուրջ քննարկումների արդյունքում մենք եկել են այն համոզման, որ պետք ա այստեղ գնալ այո, վիրահատական, բայց ինստիտուցիոնալ ճանապարհներով, որպեսզի էնպես չստացվի, որ մենք ափալ-թափալ ինչ-որ խնդիր լուծելու համար իրականում ոչ թե խնդրին ենք լուծում, այլ խնդրի ձևակերպումն ենք փոխում: Մեր նպատակն ի՞նչ ա: Ունենալ անկախ դատական համակարգ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ ասուլիսի նման, այս անգամ ևս հարյուր փաստ նշեց, որոնք բարելավել են Հայաստանի տնտեսությունն ու մյուս ոլորտները: Մասնավորապես, ասաց, որ պաշտոնը ստանձնելուց հետո մինչև այս տարվա սեպտեմբեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 65 հազար նոր աշխատատեղ, աճել է արտահանումը, արտաքին պարտքը նվազել է 120 միլիոն դրամով, ավելացրել են պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը, կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու:

«Այս փոփոխությունները ընթացող, իհարկե, արդեն իսկ ցույց են տալիս արդյունքներ: Բայց էդ արդյունքները ամեն ամսվա հետ ավելի շոշափելի և տեսանելի է լինելու», - խոստացավ վարչապետ Փաշինյանը:

XS
SM
MD
LG