Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը։
Նախագծի հեղինակները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն են։ Նրանք առաջարկում են Քրեական օրենսգրքում «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը» անվանումով հոդված ավելացնել։
Նոր փոփոխությամբ պատժելի արարք կհամարվի կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատելու, հրազենով կրակելու, թունավորելու միջոցով, նաև կենդանիների մարտերի կազմակերպումը, որը կհանգեցնի խեղման կամ կենդանու կյանքի ընդհատման:
«Սա կարևորագույն քայլ առաջն էր, որի շուրջ մենք տարիներ շարունակ ենք աշխատել և սա ուրախություն է հենց շատ սովորական, շարքային քաղաքացուն, ով ուզում էր տեսնել ավելի ճիշտ իրավիճակ կենդանիների շուրջ, առավել ևս, երբ խոսքը գնում է դաժան վերաբերմունքի մասին», - ասում է կենդանապաշտպան Նարե Արամյանը:
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագծով սահմանվում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով տուգանք կամ 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկում։
Դեռևս տարիներ առաջ օրենսդրական փոփոխություններ առաջարկած կենդանապաշտպանները ողջունում են խորհրդարանականների նախաձեռնությունը, սակայն ընդգծում են՝ միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն խնդիրների լուծման համար։
«Ամբողջական ոլորտը կարգավորելու համար մեզ, անշուշտ, անհրաժեշտ է առանձին մի պատկան մարմին, որը կլինի նախ և առաջ միջգերատեսչական և որը կկարողանա կարգավորել մարդկային հասարակության կյանքի տարբեր ոլորտները՝ առողջապահություն, գյուղատնտեսություն, արտակարգ իրավիճակներ և այլն», - ասում է Նարե Արամյանը:
Կենդանապաշտպան Կարինե Փանոսյանը հավելում է․ - «Իրականում ամոթ էր, որ մենք մինչև հիմա չունեինք օրենսգրքում առանձին բաժին, որը վերաբերում էր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին, բայց որ մեզ այս օրենքը պետք էր օդ ու ջրի պես՝ սա հաստատ»:
Հասարակական կազմակերպությունների հավաքագրած վիճակագրության համաձայն՝ 2018թ. հոկտեմբերից 2019 թվականի մարտ ժամանակահատվածում գրանցվել է շներին մեքենայից կապելու և կենդանի-կենդանի քարշ տալու 2 դեպք, տարածքում տարբեր կատուների ձախ աչքը հանելու 4 դեպք, ոչ սպանելու նպատակով՝ օրինակ 4 թաթերին կրակելու 12 դեպք, սպանելու նպատակով կրակելու և կիսասատկած փողոցում թողնելու 28 դեպք, մեկ ամսական ձագուկ կրակելու 5 դեպք, շնամարտի ընթացքում պարտված շանը կրակելու 4 դեպք:
Կենդանապաշտպանները վստահ են՝ օրենսդրական փոփոխությունը կնպաստի հասարակության շրջանում կենդանիների նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը։ Ասում են՝ հատկապես վերջին տարիներին նաև հասարակական կազմակերպությունների ու անհատների շնորհիվ քաղաքացիներից շատերի մոտ դրական փոփոխություններ են նկատվում:
«Թերևս 8-10 տարի առաջ մեր հասարակության մեջ կենդանիների նկատմամբ բոլորովին այլ վերաբերմունք էր, հաճախ հարց էր առաջանում՝ մարդիկ սոված են՝ դուք կենդանիների իրավունքներից եք խոսում», - պատմում է Կարինե Փանոսյանը, շարունակելով․ - «Այսօր, բարեբախտաբար, հասարակության մեջ մեծ փոփոխություններ են եղել վերաբերմունքի առումով և սա շատ ողջունելի է»:
Իսկ օրենքի նախագծի ընդունմանն իր Ֆեյսբուքի էջում անդրադարձել էր հեղինակներից մեկը՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը՝ նախագիծը համարելով խորհրդարանի կողմից երբևէ ընդունած ամենակարևոր օրենքներից մեկը։