Քաղաքացու անմիջական մասնակցությամբ երթևեկության վիճակը կարող է բարելավվել, ճանապարհատրանսպորտային պատահարները՝ կանխվել, կարծիք է հայտնում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրահամյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում թեժ վիճաբանության պատճառ դարձած նախագծին։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրինագծով հնարավորություն է տրվում քաղաքացիներին տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և ուղարկել ոստիկանությանը։ Ըստ նախագծի, տեսանյութը արձանագրած քաղաքացու տվյալները գաղտնի են լինելու, տեսանյութն ուղարկելուց հետո քաղաքացին այդ գործընթացում այլևս դերակատարություն չի ունենալու։ GPS համակարգի միջոցով ոստիկանության աշխատակիցը հստակ կկարողանա իմանալ, թե տվյալ խախտումը որտեղ և որ ժամին է կատարվել։
«Մեր նպատակը, որ քաղաքացին գիտակցի, որ հարբած վարորդը, կարգազանց վարորդը պոտենցիալ վտանգ է իր, իր երեխաների, իր ընտանիքի համար, որովհետև այդ կարգազանց վարորդը երթևեկում է նույն այն փողոցով, որտեղով կարող է հատել իր երեխան, իր ընտանիքի անդամը», - նշեց Գաբրիելյանը։
Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը կարծում է՝ այս օրինագծի շնորհիվ կարգազանց վարորդներն ավելի սթափ կդառնան։
«Ներկայումս օրվա մեջ մինչև 5, 6, 7 իրավախախտում արձանագրվի ոստիկանության կողմից, թե չարձանագրվի, որ ասես մասսայաբար է, իհարկե, ոչ։ Էս նախագծով, բնականաբար, ցանկություն չկա, որ այդ ամեն ինչը ինչ-որ մասսայականացնել և պարտադիր լինի, բոլորը պետք է տուգանվեն, ոչ, սա ուղղակի զգոնության և սթափության ևս մեկ ազդակ կգնա վարորդներին և իրենք իրենց մեջ պետք է հասկանան, որ իրենք դուրս են գալիս երթևեկություն և իրենց շուրջ ամբողջությամբ տեսախցիկներ են, որոնց որոշ կադրեր ոստիկանությանը հասնում է», - ասաց Ղահրամանյանը։
Նման մի փորձ արդեն 3 տարի է, ինչ գործում է ֆեյսբուքյան «Մի արեք այսպես» խմբում։ Քաղաքացիները տեսնելով խախտումներ՝ տեսա կամ լուսանկարահանում են և տեղադրում խմբում։
Խմբի համահիմնադիր Մանյա Սարգսյանն ընդգծում է. «Չկան անհրաժեշտ և բավարար մեխանիզմներ իրավական բոլոր անհրաժեշտ։ Կան մեխանիզմներ, բայց դրանք բոլոր անհրաժեշտը չեն, ուստի օրենքում ուղղակի համալրում կատարելով մենք զուտ լուծում ենք էս հարցը։ Էստեղ լուծում ենք նաև կարգազանց վարորդների տեսանկյունից, եթե լսենք մեր խմբում բոլոր տեսանյութերի «հերոսներին», իրենք ասում են՝ թող նկարեն ուղարկեն ոստիկանություն, ինչո՞ւ են հանրայնացնում, ինչո՞ւ են տեղադրում խմբում։ Իրականում Սիսիակ Գաբրիելյանի նախագիծը այդ հարցն էլ է լուծում, այսինքն այդ ամբողջը էլ չի հանրայնացվելու, չեն տեսնելու, որ Պողոս Պողոսյանը դուրս եկավ հանդիպակաց կամ ինչ-որ խախտում արեց։ Ուղղակի այդ խախտման համար նա պատասխանատվության է ենթարկվել, ինչ-որ ժամանակ հետո մենք ունենալու ենք նորմալ երթևեկություն։ Բնավ այս օրինագծի և մնացած բոլոր ընդունվող օրենքների նպատակը վարորդների թվաքանակի կրճատումը չի, նպատակը մարդկանց սովորեցնել հարգել օրենքը, հարգել երթևեկության կանոնները, հարգել կողքի մարդկանց»։
Նախագիծը երեկ Ազգային ժողովում թեժ վիճաբանության ու նույնիսկ գոռգոռոցների առիթ դարձավ։ Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը բարոյականից զուրկ որակեց այն։ Ելույթից հետո վեճը նույնիսկ միջանցքում, այնուհետև աշխատասենյակում շարունակվեց։
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանից» Արթուր Գրիգորյանը հարց ուղղեց. «ինչո՞ւ ենք ընկել վարորդների հետևից», իսկ Արման Աբովյանն էլ ասաց՝ օրենքը հում է, քաղաքացուն դրդում են անընդհատ ոստիկանություն դիմել, իսկ դա կավելացնի ատելության մթնոլորտը։
«Սա սխալ օրենք է, չի կարելի մարդկանց մեջ սերմանել դա, եկեք պայմաններ ստեղծենք, չգիտեմ սոցիալական ռոլիկների ձևով, տարատեսակ», - նշեց Աբովյանը:
Կրքերը բորբոքվեցին նաև նիստի ավարտին։ «Բարգավաճ Հայաստանին» արձագանքեց օրինագծի հեղինակը. «Եթե խնդիրը արձանագրելը գործ տալ է, ապա հարգելի ընդդիմություն դուք լավագույն գործ տվողներն եք»։
Խորհրդարանի մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը» օրինագիծը դրական է համարում։
Ոստիկանության ներկայացրած վերջին տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Հայաստանում տարեցտարի ավելանում է։ Եթե օրինակ, 2018-ի առաջին կիսամյակում գրանցվել է ավելի քան 1700 պատահար, 2019-ին այդ թիվը հասել է գրեթե 2100, զոհերի և վիրավորների թիվը ևս ավելացել է՝ 138-ից դառնալով 150 և 2517-ից 3018։