Այս տարի երաշտը մի կողմից, Լոռու մարզի 25 համայնքներում կարկտահարության դեպքերը մյուս կողմից, նախորդ տարվա համեմատ կրկնակի նվազեցրել են հատկապես հացահատիկի, կարտոֆիլի և բանջարեղենի բերքի ցուցանիշները։
Մարզում կուտակված մոտ 50 հազար տոննա խոտը ևս կրկնակի պակաս է նախորդ տարվա համեմատ, «Ազատությանն» ասաց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը։
«Սա պայմանավորված է նրանով, որ տարին եղել է երաշտ տարի, ոչ բարենպաստ է եղել կլիման։ Մենք 25 համայնքներում կարկտահարության դեպք ենք ունեցել։ Մարզը շուրջ կրել է 1,6-1,7 միլիարդի վնաս», - նշեց Շահվերդյանը։
Կառավարությունն այժմ քննարկում է կարկուտից տուժած համայնքներին աջակցելու հնարավորությունները։ Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, ամենայն հավանականության, Լոռու մարզի 25 համայնքները կստանան որոշակի փոխհատուցում կրած վնասների դիմաց։ Լոռու Արևածագ գյուղում հավաքել են կարտոֆիլը, բայց գյուղացիները ևս նշում են, որ բերքն աննախադեպ քիչ է։ Ընդ որում, այս տարի ստացված կարտոֆիլը լոռեցիներին անծանոթ ցեցով է վարակված։
Արևածագցի Արսեն Կարապետյանը վստահ չէ, թե վնասված կարտոֆիլը, որ երկարատև չի կարող պահել, հնարավոր կլինի կարճ ժամանակում իրացնել։ Պարկերում խնամքով տեսակավորած կարտոֆիլը բարձում էր բեռնատարը շուկա հասցնելու համար։
Արսենի հարևանն ասում է՝ բերքը գրեթե ամբողջությամբ անասնակեր կդառնա։ Շահել է նա, ով բերքահավաքը համեմատաբար շուտ է արել և կարտոֆիլը հողից դուրս հանել։ Հակառակ դեպքում վնասատուները չեն խնայել ու փչացրել են ամբողջ բերքը։
«Մարդը, որ 30-40 տոննա կարտոշկա վերցնում էր հեկտարից, էս տարի չի կանգնելու. 15, 12, 10», - ասաց Արսեն Կարապետյանի հարևանը
Մասնագետները դեռ ամռան սկզբում նկատել են վնասատուներին և թակարդներ տեղադրել։ Պարզել են, որ չոր եղանակի հետ ավելի արագ են զարգացել։
«Չորի հետ կապված, նրանից ենք ենթադրում, որ անձրև չեկավ, քանի որ սկզբից, որ հանել էինք առողջ կարտոշկա էր, այ չորի հետ էինք կապում, որ չորից ա, դա ավելի ոնց որ նպաստեց էլի եղանակը, որ դա զարգանա», - նշեց արևածագցիներից մեկը։
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը, մինչդեռ, հանգստացնում է՝ «վնասատուներ ամեն տարի էլ լինում են»։
«Այցելել, ուսումնասիրել ենք, ոչ մի արտառոց դեպք չենք գրանցել», - «Ազատությանն» ասաց Արտյոմ Շահվերդյանը։ Ըստ նրա, բերքի որակի և քանակի վրա հիմնականում անդրադարձել է երաշտը, ոչ թե վնասատուները, չնայած, պնդում է, որ ստացված կարտոֆիլի քանակները մոտ են նորմային։
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի պաշտոնակատարը շեշտում է, այս տարի նախորդ տարվա համեմատ կրկնակի ավել, մոտ 1500 գյուղացի, հնարավորություն է ստացել ցածր՝ 2,5-5 տոկոսանոց, գյուղատնտեսական վարկեր ստանալ և զարգացնել իրենց բիզնեսը։ Ընդ որում, գրեթե երեք անգամ նվազել են վարկերի տոկոսադրույքները։
«Եթե նախորդ տարի ստանում էին 12-14 տոկոս տոկոսադրույքով, ապա այս տարի գյուղացիները հնարավորություն են ունեցել բանկերից գյուղատնտեսական վարկեր ստանալ ընդամենը 2,5-5 տոկոսով», - ասաց Արտյոմ Շահվերդյանը։
Արևածագցի Արսեն Կարապետյանը ևս 5 տոկոսով երեք միլիոն դրամի վարկ է ստացել։ Արսենը բանկում բիզնես վարելու դասընթացների է մասնակցել, լիցենզիա ստացել, որոշել է կրկնապատկել վարկի չափն ու ավելի ընդլայնել կարտոֆիլի ու անասնապահության գործը։ Ասում է՝ մեկը երկուս է դարձել։
«Էս անասուններս ես պիտի ծախեի, որ վարկերս փակեմ, ուրիշ վարկեր էլ ունեի։ Իմ անասուններից խոզեր էլ ունեի ծախեցի վարկերս փակեցի, էդ իրանց տվածով էլ խոտ առա, կեր առա ու անասուններս շատացան», - նշեց Արսեն Կարապետյանը։